Lurer.com-ը գրում է․

Համալսարանները պետք է որոշեն, թե ինչ եղանակով կազմապերպեն դասընթացները, և չկան սահմանված հստակ չափորոշիչներ, ինչպես, օրինակ, դպրոցների դեպքում է, և սա ողջունելի է։ Տարբեր համալսարաններ ունեն տարբեր փորձառություն՝ հեռավար կրթության կազմակերպման ոլորտում։ Կային համալսարաններ, որոնք մինչև պանդեմիայի սկսվելը, արդեն հեռավար ձևաչափով կազմակերպած դասընթացներ ունեին և, նույնիսկ, դիպլոմներ էին շնորհել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով հեռավար կրթության արդյունավետությանը։

Փորձագետի կարծիքով՝ կան համալսարաններ, որտեղ հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով չի կազմակերպվում․ «Անցած կիսամյակում կազմակերպած հեռավար ուսուցման արդյունավետությունը, գրեթե, 0-ի էր հասնում, և, սա հաշվի առնելով` պետք է ասել, որ համալսարանները իրենք որոշեն՝ ինչ չափով զուգորդեն առկա ուսուցումը հեռավար ուսուցմանը, ավելին՝ կան մասնագիտություններ, որտեղ, օրինակ, դասախոսների մեծ մասը մեծահասակներ են և, նրանց համար շատ դժվար է կազմակերպել հեռավար ուսուցում։ Այդ պատճառով ցանկալի է՝ փոքր խմբերով առկա, դեմ առ դեմ ուսուցում կազմակերպել, իհարկե, կան ժամանակակից տեխնիկային տիրապետող դասախոսներ, որոնք ավելի ակտիվ են, և նրանք կկազմակերպեն հեռավար ձևաչափով։ Ամեն դեպքում, արդյունավետությունը բարձր է և միջազգային փորձն էլ դա ցույց է տալիս, երբ զուգորդվում է առկա ուսուցումը՝ հեռավար ուսուցման տարրերով»։

Ատոմ Մխիթարյանը վստահ է՝ բուհերի ղեկավարները պետք է հաշվի առնեն նաև ուսանողների կարծիքը և սոցիալական վիճակը․ «Հարկավոր է՝ բուհերը կոնկրետ և անհատական մոտեցում ցուցաբերեն ուսանողներին և յուրաքանչյուր հարցին, լուծումներն էլ գտնեն այնպես, որպեսզի կրթության որակը դրանից չտուժի։ Մարզերից ուսանողներն ավելի շատ են և արժի, որ նրանց հետ համաձայնեցվի որոշումը, նրանք ևս մասնակից դառնան և ազդեն որոշումների կայացման գործընթացներին»։

Անդրադառնալով դպրոցներում դասապրոցեսի սեպտեմբերի 15-ից մեկնարկելուն՝ փորձագետը նշեց, որ որոշման մեջ որևէ տրամաբանություն չի տեսնում․ «Ինչի համար 15-ից սկսել, եթե կարելի էր հենց 1-ից սկսել։ Սկսելով դասերը սեպտեմբերի 15-ից՝ ևս 2 շաբաթ կորցնելու ենք նախապատրաստման վրա, իսկ այդ ամբողջը լինելու է կրթության որակի հաշվին։ Մյուս խնդիրը, որ հուզում է մասնագետներին, այն է՝ դասընթացներին հակահամաճարակային կանոնները պահպանելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, որոնց հրատապ լուծումները ժամանակ կխլեն կազմակերպիչներից, այսինքն՝ նորից կտուժի կրթությունը»։

Հարցին, թե դասընթացների կազմակերպման, հատկապես, որ եղանակով են ուսանողներն ու աշակերտները ավելի շատ ներգրավվել, փորձագետը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ հեռավար ուսուցման ժամաանակ որևէ ռեալ ցուցանիշ չկա և չենք կարող ստուգել՝ արդյո՞ք ուսանողը մասնակցում է դասին, թե՞ ոչ։ Նույն խորամանկությունը անում էին դպրոցականները, երբ անջատում էին տեսախցիկները, և չգիտեինք՝ մասնակցու՞մ էին դասապրոցեսին, թե՞ ոչ։ Այդ պատճառով ենք ասում, որ ամենարդյունավետ տարբերակը երկուսի զուգադրումն է, և ցանկալի է, որ դասախոսությունները տեղի ունենան դեմ առ դեմ։ Ամբողջությամբ հեռավար կազմակերպելը նշանակում է՝ ևս մեկ կիսամյակ չեզոքացնել կրթության կազմակերպման գործընթացը»։

Արփինե Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել