Հայտարարություն

Առաջարկում / պահանջում ենք, որպեսզի սառեցվեն բոլոր այն ուսանողների վարձավճարները, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության արդյունքում չեն վճարել ուսման վարձերը:

Լինելով ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ` ուսանողների և նրանց ծնողների կողմից ստանում եմ բազմաթիվ նամակներ, ինչպես նաև, քաղաքացիների հետ ամենօրյա հանդիպումների շրջանակներում մի շարք դիմումներ առ այն, որ հարյուրավոր ուսանողներ կանգնած են ուսումից զրկվելու խնդրի առաջ՝ ուսման վարձի վճարման անհնարինության հետևանքով։

Հարյուրավոր ուսանողներ դիմել են ինձ, քանի որ ԲՈւՀ-երը թույլ չեն տվել ուսանողներին մասնակցել վերջին քննություններին` մինչև այս տարվա ուսման վարձի ամբողջական վճարը չկատարելու պատճառով:
Ավելին` որոշները կանգնել են սեպտեմբեր ամսին ԲՈւՀ-ից դուրս մնալու խնդրի առաջ:
Նրանք հիմնականում այն նույն ուսանողներն են, որոնց ծնողները երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը:

Համալսարաններում որոշ ուսանողների առաջարկվել է դիմում գրել ԲՈւՀ-ի ռեկտորին` խնդրանքով, որպեսզի ռեկտորը թույլ տա ուսանողը սեպտեմբեր ամսին մասնակցի դասերին, հանձնի քննության չմասնակցելու արդյունքում <<վաստակած>> լիկվիդը, պայմանով, որ այս տարվա վարձավճարը կվճարվի գալիք տարվա ընթացքում:
(Սակայն ուսանողներն ասում են, որ այս խորհուրդը տվողներն էլ մեծ հաշվով դրական պատասխանի հույս չեն տվել)։
Այս ամենին կից բողոքում են նաև արտակարգ դրության պայմաններում, ԲՈւՀ-ից ստացացած հեռահար կրթության բացահայտ անարդյունավետ լինելու մասին:
(Սա ևս մի առանձին հարց է, որին ևս կանդրադառնամ առաջիկայում)

Ցավոք գալիս ենք մի եզրահանգման, որ ուսանողը պարտավորվում է վճարել ոչ միայն չստացած գիտելիքի դիմաց, այլ նաև պետության պարտադրած արտակարգ ռեժիմի պատճառով, ծնողների կորցրած աշխատանքի հաշվին:

Ուսանողներն իրենց զգում են պետության կողմից առհամարված։

Զավեշտալին այն է, որ եղել են ԲՈՒՀ-եր, որտեղ բացահայտ կերպով ուսանողին, որպես <<բարի խորհուրդ>> առաջարկել են դիմել բանկեր՝ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկերից օգտվելու համար։

Փաստացի գոյություն ունի խնդիր` այն էլ գլոբալ, բայց, ըստ իս՝ լուծելի:

Իսկ հիմա, ըստ էության, ի՞նչ ենք առաջարկում մենք.

Հարգելի´ պատկան մարմիններ, առաջարկում / պահանջում ենք, հաշվի առնել երկրում գոյություն ունեցող արտակարգ դրությունն ու նրա բացասական հետևանքները՝ մարդկանց գործազուրկ դառնալու փաստով պայմանավորված, ԲՈւՀ-երում սառեցվեն բոլոր այն ուսանողների չվճարված վարձերը, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով չեն կարողացել վճարել։
Կարևորելով երկրում կրթության մակարդակի բարձրացման տեմպը առաջարկում ենք, որպեսզի ուսանողներին թույլ տրվի մասնակցել քննություններին` առանց ուսանողի առաջ պայմաններ դնելու;
Երկրում հայտարարված արտակարգ դրությունը հաշվի առնելով, պետությունը պե՛տք է և պարտավո՛ր է կանգնել ուսանողի կողքին և թույլ չտալ, որ հատկապես այս տարի անգամ 1 ուսանող վարձավճարի չվճարման հետևանքով զրկվի ուսումից։

Այս առաջարկով դիմելու ենք համապատասխան լիազորություն ունեցող բոլոր պետական կառույցներին.

Հարգանքով` ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ` Լիաննա Մանուկյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել