«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման մասին անհրաժեշտ եմ համարում արձանագրել՝

1) Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածն ընդամենը կենցաղային միջադեպ է, որի առնչությամբ Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ակնհայտ քաղաքական պատվեր է, որն իջեցվել է ամենաբարձր մակարդակից։

2) Քաղաքական պատվեր լինելու փաստը հաստատվում է այն պարզ հանգամանքով, որ տեղի ունեցած միջադեպից տուժած անձը, Արթուր Դանիելյանը, քրեական գործով անցնում է ոչ թե որպես տուժող, այլ՝ որպես մեղադրյալ։ Սա հստակ ապացույցն է այն իրողության, որ քաղաքական իշխանությունն օգտագործում է կենցաղային այդ միջադեպը, որպեսզի Արթուր Դանիելյանի նկատմամբ իրագործի քաղաքական կոշտ հետապնդում։

3) Հաշվի առնելով, որ անկախ այն հանգամանքից, թե Արթուր Դանիելյանի և իր ղեկավարած միաբանության կողմնակիցները, համախոհները կամ հակառակորդներն ինչ համոզմունքներ ունեն՝ Արթուր Դանիելյանը վերջին ժամանակաշրջանում նյարդայնացնում է քաղաքական իշխանությանը, որից էլ ակնհայտ է դառնում, որ շինծու քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական նպատակ, մասնավորապես՝ Արթուր Դանիելյանին և հնարավոր մյուս բոլոր քննադատներին լռեցնելու անառողջ նպատակ։ Այսպիսով քաղաքական իշխանությունը փորձում է ցույց տալ բոլորին, որ քննադատությունները չեն հանդուրժվում, իսկ քննադատների նկատմամբ իրականացվում են ճնշումներ և հետապնդումներ։

Ամփոփելով վերոնշյալ արձանագրումները՝ գործող քաղաքական իշխանությանը կոչ եմ անում մի կողմ դնել մանրախնդրությունը, զերծ մնալ քաղաքական հետապնդումներից, դրա փոխարեն կենտրոնանալ մեր Հայրենիքում առկա լրջագույն խնդիրների լուծման վրա, մասնավորապես՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շփման գծում արդեն բոլորի կողմից մեծ հավանական համարվող հնարավոր էսկալացիայի խնդիրը, Նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրները, և առկա տնտեսական խնդիրները, որոնք բերելու են ժողովրդի անխտիր բոլոր շերտերի բարեկեցության անկման, որոշ դեպքերում էլ՝ ապրուստի միջոցների իսպառ բացակայության։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Arsen Babayan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել