Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջեւանում եւ Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին։ Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են։

Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին) մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած, եւ սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի։

Եւ երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում, եւ այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ։ Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է։

Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, երբ Պուտինն ընդգծում է լարվածության աճին նպաստող որեւէ գործողության անթույլատրելիության մասին, հայտարարում է․ «Թուրքիան լի է վճռականությամբ՝ մինչեւ վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից՝ լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որեւէ այլ երկիր»։

Այստեղ, կարծում եմ, հասկանալի է, որ «ключевое слово»-ն Ռուսաստանն է։

Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի եւ այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլեւս դեմ-հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերներին, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի։

Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին։

Այլապես․․․ Չէ, եկեք «այլապես»-ը չասեմ։
Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել