Amerikayidzayn.com-ը գրում է․

Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգներն ու նրանց բոլոր դաշնակիցները պետք է Չինաստանից ու Ռուսաստանից իրենց արժեքները միասնաբար պաշտպանեն միջազգային բեմահարթակներում: Այս մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիք Ռաաբն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ:

Առիթն օգտագործելով` Փոմփեոն Վաշինգտոնի կողմից ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայում կովիդ 19 հիվանդությունից մահացած անձանց համար, եւ մեկ անգամ եւս շեշտել ԱՄՆ-ի այն պնդումը, որ հիվանդությունը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից:

‘’Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը խայտառակ քաղաքականություն է վարում իր սեփական շահերն առաջ տանելու համար այս աղետը շահարկելով’’, ասել է Փոմփեոն: Նա մյուս երկրներին նույնպես կոչ է արել ընդդիմանալ ՉԿԿ-ին եւ այս երկրի ղեկավարությունն` անվանել ‘’սպառնալիք’’:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հերքել է այն քննադատությունները, որոնց համաձայն իր երկրի կառավարությունը չի ուսումնասիրել Եվրոպական միության հարցով 2016 թվականի հանրաքվեի ժամանակ Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը: Երեքշաբթի օրն այս մասին խորհրդարանի կողմից ներկայացված զեկույցում Ռուսաստանը գնահատվում է որպես թշնամական պետություն, որը մեծ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի եւ Արեւմուտքի համար` լրտեսության, կիբեռհարձակումների ու ընտրություններին միջամտելու տեսանկյունից:

Զեկույցը հրապարակած Հետախուզության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ստյուարդ Հոզին ավելի վաղ մեղադրել էր կառավարությանը 2016 թվականի քվեարկության ժամանակ Ռուսաստանի դերակատարության հնարավորությունն ընդհանրապես անտեսելու մեջ:

Փոմփեոն նշել է, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը ազատ առեւտրի գործարք կնքելու ուղղությամբ դեռեւս ունեն անելիքներ, սակայն հույս է հայտնել, որ պայմանագիրը բանակցությունների երրորդ փուլից հետո պատրաստ կլինի հուլիսի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել