Ամենակարևոր բանը, որ պետք է հասկանալ պատերազմական իրավիճակներում, այն է, որ ամեն մեկն իր տեղում զինվոր ու անփոխարինելի մարտիկ է։ Պատերազմն առաջնորդող ուժի՝ մեր դեպքում պետության հիմնական խնդիրն ամեն զինվորի պոտենցիալը լիարժեք օգտագործելն է։ Որ չստացվի հանկարծ, թե կազմակերպչական վատ աշխատանքի պատճառով մենք պարտվել ենք այնտեղ, որտեղ կարող էինք ջախջախիչ հաղթանակ ունենալ։

Ցավոք, ամենատարբեր ժամանակներում ու ամենատարբեր ոլորտներում նման բաներ շատ են եղել։ Մենք հաճախ չենք կարողացել տեր կանգնել մեր հաղթանակներին։ Ու հիմա էլ եմ նման վտանգ տեսնում։

Տեսեք, պարզ օրինակ։ Աշխարհի բազում երկրներում այս օրերին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը տարբեր ակցիաներ է անում։ Բողոքի ցույցեր, տարբեր կառավարություններին ուղղված պահանջներ, շատ լուրջ հաջողություններ, օրինակ, Անգլիայում, որտեղ ի պատասխան դաշնակցականների դիմումի արտգործնախարարությունը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացին։ Եվ ոչ միայն ՄԹ-ում։ Դաշնակցությունն ու Հայ Դատի գրասենյակները լուրջ աշծատանք են տարել Միացյալ Նահանգներում, ԵՄ-ում, Ավստրալիայում և այլուր։ Նույնը նաև Հայ Օգնության Միությունը։

Հիմա հարց՝ ու՞ր է այս ամենի նպատակային կիրառումը մեր պետության կողմից։ Ինչու՞ է հանրությունը դրա մասին վատ տեղեկացված։ Իսկ ԱԳՆ-ն տեղյա՞կ է։ Ինչու՞ է պետությունն արհամարհում հայկական ցանցի հնարավորությունները և տապալում իրական քարոզչական-քաղաքական ճակատ ստեղծելու շատ անհրաժեշտ գործը։ Եվ վերջապես, ե՞րբ պիտի Փաշինյանն ու իր կառավարությունը հասկանան, որ պատերազմի ժամանակ պետք է պատերազմել իրական թշնամու դեմ և գոնե այդ ժամանակ շեղվել ընդդիմադիրների ու քննադատների դեմ իրենց՝ սրբազան հայտարարված պայքարից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել