Մեծ հաշվով՝ էս հոդվածը գրեթե կրկնում է նույն այն մտքերը, որոնք գրել էր Մարգարիտա Սիմոնյանը իր սկանդալային ստատուսում, պարզապես հողինակի ազգանունը -յանով չի վերջանում, տոնայնությունն էլ մի քիչ ցիվիլ ա։ Ըստ այդմ՝ էս հոդվածը չի արժանանա ֆեյսբուքահայության այն ուշադրության 1%-ին, որին արժանացավ Մարգոյի ստատուսը ու սա խնդիր է։

Խնդիր է, որովհետև մենք ոչ մի հետևություններ ու դասեր չենք քաղում։ Մենք չենք գիտակցում, որ հերթական անգամ էմոկրատիայի զոհն ենք դառնում և տրվելով էմոցիաներին՝ կարևորում ենք երկրորդայինը և անտեսում ենք առաջնայինը։ Հատկապես առկա զարգացումների պարագայում դա չափազանց վտանգավոր է։

Տվյալ պարագայում երկրոդայինը Մարգոյի գրածի տոնն էր ու առավել ևս՝ նրա ազգային պատկանելությունը։ Շատերը այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե Մարգոյի ազգանունն էր, այլ այն, որ Մարգոն ինչ-որ պրիդառոժնի շաուրմայանոցի մատուցողուհի չի, այլ ՌԴ գլխավոր քարոզչական մեդիայի ղեկավարն է։ Առաջնայինն էլ այն է, որ Ռուսաստանի հետ մենք ունենք խնդիրներ՝ հին ու նոր։ Ոչ պակաս առաջնային է այն, որ մենք ունենք խնդիրները ինքներս մեզ հետ։ Ու մենք չենք ուզում, չենք գիտակցում, որ այդ խնդիրներով պետք է զբաղվել և զբաղվել ամենայն լրջությամբ։ Զբաղվելն էլ Մարգոյին քրֆելով չի։ Ոչ էլ՝ Ռուսաստանին քրֆելով է։ Ոչ էլ՝ ներքին ու արտաքին այլ միավորների քրֆելն է։

Երեկվա մյուս հիպերէմոցիոնալ դրվագի վրա օրինակը բերեմ։ Մինչև ամբողջ հայությունը հիանում էր ՌԴ-ում հերթի տակ ծիրան առնող մեր հայրենակիցներով, ինձ երկու հարց էր հուզում։

Նախ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մեր ռազմավարական դաշնակից երկրում նման հակահայկական քայլ հնարավոր եղավ անել և ինչպես ստացվեց, որ այդ հակահայկական քայլը մնաց անպատիժ։ Այո՛, Ֆուդ Սիթին մասնավոր սեփականություն է, բայց մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը այն երկիրն է, որ հարկ եղած դեպքում՝ դա զուտ պայմանականություն է, որը կարող է անտեսվել։ Եվ ուրեմն՝ ո՞վ ու ինչպե՞ս պետք է աշխատի ռուսական շրջանակների հետ, որ նման դեմարշներ անող ադրբեջանական միավորները մյուս անգամ 10 անգամ մտածեն նման քայլ անելուց։ Ո՞վ պետք է զբաղվեր ու զբաղվի սրանով։ Իհարկե՝ հայկական պետությունը։ Զբաղվո՞ւմ է։ Ես, որ նման բան չեմ տեսնում։

Երկրորդ հարցն էլ կարող է շատերիդ դուրը չգալ։ Ամենայն հարգանքով առ մեր հայրենակիցներ, որոնք ծիրան էին գնում (շատ ապրեն իրենք), բայց ենթադրենք, կրկնում եմ՝ ենթադրենք, որ վաղը սկսվում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Ինձ հետաքրքիր է, թե ծիրանի հերթեր գոյացնող մեր եղբայրների ԳՈՆԵ 10%-ը օդանավակայանում հերթեր կգոյացնի՞։ Դե, որ գա սեփական հայրենիքը պաշտպանելու։ Թե՞ ոնց ադրբեջանցիք էին կարծում, որ ծիրան լխճելով Հայաստանին հաղթեցին, այնպես էլ մերոնք են մտածում, որ ծիրան առնելով Հայաստանը փրկեցին ու ավելին անել պետք չէ։

Ո՞վ պետք է զբաղվի սրանով։ Իհարկե՝ հայական պետությունը։ Զբաղվո՞ւմ է։ Առը հա մեր բախտից, թե զբաղվում է։ Հայկական պետությունը ներկայացնող այն թիմը, որին ի դեպ թիրախավորել էր Մարգոն, դեռ լրջանալու նշույլներ անգամ չի ցուցաբերել. ֆեյքերի ֆաբրիկաները կրկնակի ջանքով թիրախավորում են ընդդիմադիրներին, Նիկոլն անանուն ու անասնագույն խմբագրականներ է գրում ՀԺ-ում, որտեղ էլի թիրախավորում է ընդդիմադիրներին, ավելի ցածր օղակի քայլարաստներն էլ զբաղված են սահման-սելֆի ֆլեշմոբերով ու այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանին կապիտուլյացիայի սեղանի շուրջ են նստացրել, հեսա արագ ստորագրել տան ու կարելի է համազգային հաղթանակ-փարթի անել։

Մենք ունենք լուրջ խնդիրներ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, պետական կառավարման համակարգում, արտաքին դիվանագիտությունում, ներքին քաղաքականությունում, բայց մեր ամենամեծ խնդիրը էմոցիոնալ թմբիրի մեջ երկու ոտքով մտնելու և դժվար լրջանալու մեր հատկությունն է։ Էդ բոլոր խնդիրները կարելի է ու պետք է լուծել, բայց որպեսզի դա հնարավոր լինի, մենք պետք է սպանենք էմոկրատիայի մեր հակվածությունը։

Հ.Գ. Սա էլ Լենտայի հոդվածի հղումը. https://lenta.ru/articles/2020/07/18/pashinyan/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել