Ես ցավում եմ, որ ուսուցիչները լռնում են: Ծնողներից հետո դուք 2-րդ ամենակարևոր մարդն ենք երեխաների կյանքում, ու ձեր տեսակետը պիտի սուր ու վահան լինի պետության համար: Դուք պիտի ձեզ ու ձեր իրավունքները պաշտպանել իմանաք ու չվախենաք, որ ձեզ աշխատանքից կազատեն, թե բա դե ինչ անեմ, էս ա, սուս-փուս գործս անեմ, չխառնվեմ: Ոչ, առաջինը հենց դուք պիտի խոսեք: Ձեզ շատերը փնովում են, թե պատմության դասերը լավ չեք անցկացնում, ձեզ ստորադասում են, պրոդուկտիվ չեք, այդ առարկան պիտանի չի և այլն:
Ես դպրոցում անցել եմ եկեղեցու պատմություն առարկան, և օրինակ` հայոց լեզվի ու մաթեմատիկայի դասաժամերին չի զիջել: Ու սա ասում է մի մարդ, որը եկեղեցում է մեծացել`մայրս 23 տարի իր ձայնով եկեղեցուն է ծառայել, ու ես լավ գիտեի այդ դասերը: Չնայած դրա` առարկան շարունակում էր հետքրքիր ու պիտանի լինել ինձ համար: Ասածս ինչ է`եթե մեկ-երկու անհաջող ուսուցիչ է հանդիպել ինչ-որ աշակերտների, դա չի նշանակում, որ այդ առարկան անիմաստ է: Վերապատրաստման դասընթացներ կազմակերպեք, գրքերը փոփոխեք, բայց ոչ աչքը սարքելու փոխարեն ունքը տվեք հանեք:
Մեր երկիր ոտք դրած տուրիստին առաջինն ասում եք, ավելի ճիշտ` գլուխ գովում, թե մեեենք, մենք աշխարհի առաջին պետությունն ենք, որ քրիստոնեություն ենք ընդունել: Բա գործնականում էլ դա ցույց տվեք: Նաև ասեմ` բնավ նկատի չունեմ`հավատք պարտադրել այն ընտանիքների երեխաներին, որոնք աթեիստ են կամ այլ եկեղեցու են պատկանում, բայց այդ երեխեքը պիտի սովորեն ու իմանան նաև հայ առաքելական եկեղեցու պատմությունը, կարողանան տաղավար տոները տարանջատել և այլն: Իսկ հայոց պատմություն առարկային այն միացնելով`մանրամասն ամեն բան չեն սովորի աշակերտները: Դա կդառնա հպանցիկ V դնելու համար միջոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել