«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ կամ անպատեհ առիթներով ցեխ է շպրտում նախկին իշխանությունների վրա, թե նրանց վերադարձ չի լինելու, կառավարությունը շարունակում է համալրվել նախկին իշխանական կադրերով: Այո, Փաշինյանն իր դյուրագրգիռ ելույթներով «կերակրում է» քայլարածներին, իսկ գործադիրում անաղմուկ նրանց փոխարինում նախկիններով:

Այսպիսով` շրջակա միջավայրի նախարարի անժամկետ պաշտոնակատար է դարձել Վահե Ջիլավյանը` մի մարդ, ով բնապահպանության հետ կապ ունի այնքանով, որքանով օրվա իշխանությունն ազգային պահպանողական գաղափարախոսության հետ, այսինքն` ոչ մի կապ:

Սակայն, առավել հատկանշական է Վ. Ջիլավյանի անցած ուղին: Նա նախկինների օրոք աշխատել է հնարավոր բոլոր նախարարություններում` սկսած ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից վերջացրած ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունով, էլ չենք ասում, որ եղել է ՀՀ սփյուռքի փոխնախարար եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` կրկին նախկինների օրոք:

Թե ինչպես նա դարձավ օրվա իշխանության «լավագույն նորը», դժվար է ասել, բայց այն, որ առնվազն այս իշխանության խոսքն ու գործը չի համընկնում, եւս մեկ անգամ փաստում է Ջիլավյանի պաշտոնավարումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել