Lurer.com-ը գրում է․

«Բնականաբար թեման պետք է շեղվեր, որովհետև մարդիկ ավելի շատ մտածում են ոչ թե օրենքի մասին, այլ կախվում են ինչ-որ բառից։ Բնիկ-ոչ բնիկ՝ կապ չունի։ Ես չեմ կարող ասել, թե ինչու հանրությունը ճիշտ չընկալեց։ Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, դա նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, դա, չգիտես ինչու, ընկալվում է որպես տարանջատում, դա անիմաստ խոսակցություն է՝ որևէ հիմք չունենալով։  Բնիկ երևանցի կարող է լինել ստեփանավանցին, մասիսցին, էջմիածնեցին, որն ապրում է Երևանում, որովհետև ինքը բուն է դրել ու իր երեխան, թոռնիկը վաղը լինելու է բնիկ երևանցի։ Դա ուղղակի խոսքից կախվել էր՝ բուն օրենքի իմաստից հեռվանալու նպատակով։ «Բնիկ» բառը թող հանեն լեքսիկոնից, դրա մասին չէ խոսքը, երբ որ կհասկանան, այդ ժամանակ մեր երկխոսությունը կստացվի։ Ես խոսում եմ իմ քաղաքի անունից, վաղը ինձ կմիանա գյումրեցին, որովհետև օրենքին ծանոթանալիս՝ կհասկանա, որ դա իր գրպանին էլ է կպնելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի՝ «Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբին, որին  միացել է նաև ինքը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն, ով օրենքի հեղինակն է, ակցիայի մասնակիցներին առաջարկել է հանդիպել և քննարկել գույքահարկի բարձրացման հարցը։ Սակայն իր գրառումից ակնհայտ է դառնում, որ նա ևս կենտրոնացել է Բնիկ բառի վրա, որովհետև ցանկանում է հանդիպել մասնավորապես նրանց հետ, ովքեր կարծում են՝ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում: Ի պատասխան մեր դիտարկմանը՝ Թոխատյանն  ասաց․ «Շատ ճիշտ է ասում, որովհետև այդ հարցը պետք է հետաքրքրի ոչ միայն ինձ՝ որպես երևանցի, այլև յուրաքանչյուր մարդու, որն ապրում  է ՀՀ-ում։ Տվյալ դեպքում ես խոսում եմ որպես Երևանի բնակիչ, քանի որ դա ինձ վրա անդրադառնալու է փոքր-ինչ այլ կերպ, քան ասենք գյումրեցու կամ դիլիջանցու վրա»,- նկատեց նա։ 

Օրենքի հետ կապված տարատեսակ մեկնաբանություններն են արվում․ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս օրենքով արդարություն է վերականգնվում և հարուստ, միջին, աղքատ խավերի միջև հավասարության նշան է դրվելու, մասնագետներն էլ պնդում են, որ մի քանի դղյակի գույքահարկը ավելացնելու պատճառով մյուսներն էլ են տուժելու։ Թոխատյանի խոսքով՝ Երևանում մոտավորապես 20% դղյակ կա․ «Այսինքն իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ուզում է ինձ բացարել, որ, եթե չես կարող քո բնակարանի համար վճարել, ոչինչ գնա՛ ուրիշ տեղ ապրի հա՞, դա՞ է բացատրությունը։ Ու սա ասում է ոչ թե պատահական մարդ, այլ պատգամավոր, որը ևս մասնակցել է այդ օրենքի քննարկմանը։ Երևանում քանի՞ տոկոս են կազմում այդ դղյակները, պայմանական ասենք՝ 20%։ Մեզ ասում են, որ կան անհրաժեշտ փաստաթղթային հիմքեր, որ դրանք անօրինական կառույցներ են։ Ուրեմն, եղբա՛յր,  եթե անօրինական են, պետականացրեք, իսկ, եթե իրենք ունեն համապատասխան փաստաթղթեր, ապա գները բարձրացրեք, եթե հստակ գիտեք, որ դրանք հալալ քրտինքով աշխատած գումարներով չեն ձեռքբերվել։ Մեզ էլ բացատրեք, որ այսօր մեր քաղաքաշինության համար անհրաժեշտ է որոշակի գումար, ինչը բոլորս հասկանում ենք։ Այդ ամենը կարելի է անել խելքին մոտ ձևով, որպեսզի մարդիկ չխեղճանան, հանգիստ իրենց տներում ապրեն, իմանան, որ մի չնչին չափով է բարձրացել գույքահարկը, որպեսզի մարդիկ առանց դժգոհելու վճարեն»,- նշեց Հրանտ Թոխատյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել