Երկու օր է՝ փոքրիկ վեճ ունեի Արթուր Դանիելյանի հետ։ Երկուսս հասկանում ենք, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար նոր լուծումներ ու նոր մոտեցումներ են պետք, բայց ահա այդ մասով իր առաջարկած ու իմ պատկերացրած գործողությունները որոշակի անհամաձայնության կամ, ավելի շուտ, քննարկման ու իրար ավելի ճիշտ հասկանալու կարիք ունեին։ Կարող է՝ դեռ ունեն։ Չնայած երեկ հանդիպել ու ահագին զրուցել ենք այդ ամենի մասին։

Ու այսօր արդեն Արթուրը «ձիով քայլ» արեց։ Ասում է՝ ես գնալու եմ, պաշտպանեմ ՍԴ դատավորներին, ու քանի որ հիմա խոսքից գործի անցնելու ժամն է, ուրեմն լավ առիթ է, որ բոլորը միանան այդ նախաձեռնությանն ու հանրային ճնշումների միջոցով հասնեն երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը։

Միանգամից ասեմ՝ ես միանալու եմ այդ գործողությանը։ Եվ ոչ միայն դրան։ Արդեն քանի օր շարունակ հանդիպում եմ տարբեր քաղաքական ուժերի և անհատների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր բոլոր ուղիները։ Առաջարկներ էլ ունեմ, որոնց մասին դեռ կխոսեմ։ Բայց հիմա ինձ հետաքրքիր է ընկերներիս ու հետևորդներիս կարծիքը ներկայացվող այս տեսանյութի մասին (հղումը՝ մեկնաբանություններում)։

Հ.Գ. Սոցիալական ցանցերում հիմա շատերն են ասում, որ խոսքից պետք է գործի անցնել։ Երկու օր շարունակ դրա մասին եմ մտածում, ինքս էլ եմ հասցրել մի քանի անգամ ասել, որ քաղաքական ու իրավական ճանապարհով պայքարի տեղ մեր երկրում այլևս չի մնացել։ Բայց խոսք էլ կա, խոսք էլ։ Եկեք չսխալվենք ու ամեն դեպքում թացը չորի հետ չխառնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել