Լավ լուրն այն է, որ բարձրացում չի լինի սպառողների համար. շարքային սպառողների համար սակագինը կմնա նույնը՝ խմ-ի դիմաց 139 դրամ:

Ուրախալի է նաև, որ սոցիալապես անապահով սպառողների համար նույնպես սակագինը կմնա նույնը՝ խմ-ի դիմաց 100 դրամ:

Անհանգստացնող է այն ակնհայտ փաստը, որ սպառողների համար այս լուծումը ժամանակավոր է, և հարցը կրկին կհայտնվի մեր օրակարգում: Իհարկե, պետք է նաև հասկանալ՝ ինչ միջոցներով և ինչպես է ապահովվել այս մասով սակագնի անփոփոխ մնալը:

Առավել քան մտահոգիչ է ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար 255.92 դոլարին համարժեք դրամ սահմանված սակագինը, ինչպես նաև սակագնի բարձրացումները տնտեսական գործունեության որոշ տեսակների համար, այդ թվում՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար ներկայիս 212-ի փոխարեն:

Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար: Այս դեպքում՝ ամբողջ տարվա կտրվածքով:

Անհրաժեշտ է արձանագրել, որ գազի սակագնի հարցը, կարծես թե, առայժմ չենք կարող համարել փակված, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել է, որ ընդունելի է համարում հանձնաժողովի առաջարկը, բայց ոչ բավարար «Գազպրոմ Արմենիայի» ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Սա ենթադրում է, որ ընկերությունը սեփական պահանջները բավարարելու համար որոշ վերանայումներ կանի, որոնք կարող են լուծվել, օրինակ, աշխատակիցների թվի կրճատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել