Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ-ը, հունիսի 7-ի դրությամբ կատարվել է «COVID-19»-ի 2497 նոր թեստ և հաստատվել 766 նոր դեպք։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ (և ոչ միայն) Ֆեյսբուքում քննարկում են, որ սա վատ ցուցանիշ չէ, քանի որ կատարվել է նախորդ օրերի համեմատ գրեթե կրկնակի շատ թեստ, և բնական է, որ բացարձակ ցուցանիշով հաստատված դրական դեպքերի քանակական աճ ենք գրանցել։ Այ, բայց հարաբերական աճը (այսինքն կատարված թեստերից արձանագրված դրական դեպքերի քանակը) նախորդ օրերի նկատմամբ անկում է գրանցել։

Քանի որ սույն վիճակը չափից դուրս անորոշ ու, իրականում, ոչինչ չասող է (եթե մի կողմ դնենք զուտ մարդկային հույսը, որ վաղն ու հաջորդող օրերին նույնպես կունենանք դրական առաջընթաց), ուզում եմ արձանագրենք հետևյալը։

Ժողովուրդ ջան,
նկարում պատկերել եմ հունիսի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում «COVID-19»-ի գրանցված դեպքերի բացարձակ ու հարաբերական աճերը և դրանց տեմպը (այսինքն, աճի փոփոխման արագությունը)։

Գիտե՞ք ինչու.
ցույց տալու համար, որ այսօրվանից է՛լ ավելի հուսադրող են եղել հունիսի 3-ի հարաբերական ցուցանիշները։ Հունիսի 3-ին թե՛ հիվանդացածների հարաբերական աճն է եղել ավելի անկումային, թե՛ այդ աճի տեմպը։ Բայց նայեք հաջորդ օրվա՝ հունիսի 4-ի ցուցանիշներին...

Ասածս ինչ է.
շտապում ենք ուրախանալ։ Մարդիկ առանց այդ էլ ո՛չ հակահամաճարակային կանոններն են հրաշալի պահպանում, ո՛չ էլ միտված են զգոն լինելու։ Կլինի՞ ինչ-որ պատահական ցուցանիշներով մարդկանց դրական ազդակներ հաղորդելու փոխարեն շարունակեք զբաղվել առնվազն լրջությունը չթուլացնելու ու կարգուկանոնը պահպանելու կոչերով։ Ավելին չեմ էլ պահանջում, հարգելի իշխանություններ, դուք ավելիին ունակ չեք։

Հ.Գ.
Գուցե նաև բացատրեք, թե ինչու հանկարծ առաջացավ գրեթե կրկնակի շատ թեստ վերցնելու անհրաժեշտությունը։  Եվ գուցե դա էլ համադրեք այսօրվա վիճակին՝ պատկերն ավելի ամբողջական տեսնելու համար։

Առողջ եղեք։ Կրեք դիմակ։ Պահպանեք կանոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել