Պարոն Serj Tankian,

ԱՄՆ ժողնախագահ դառնալու շանս ունեք: Առաջնորդեք ամերիկյան փողոցային անկարգությունները: Սա Ձեր խոսքերն է, չէ՞, «2018 թվականի Հայաստանի խաղաղ հեղափոխության դասերը կարող են կիրառվել ԱՄՆ-ում եւ ամենուրեք աշխարհում: Համակարգեք ձեր գործողությունները օնլայն, փակեք բոլոր փողոցները եւ ստիպեք ռեժիմին հեռանալ: Ժամանակը եկել է: Քո ժամանակը եկել է, Դոնալդ Թրամփ»: Այո, ո՞վ կարող է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մեթոդաբանությունը ներմուծել ԱՄՆ, եթե ոչ Դուք: Ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է. Ձեր ասած «կոռումպացված Թրամփի ռեժիմը» կա, Ջորջ Սորոսը կա, Ձեր երեսի թրաշը կա: Մնում է ուսապարկը վերցնեք ու «մերժիր Դոնալդին» գոռալով՝ Լոս Անջելեսից քայլեք Վաշինգտոն: Ճիշտ է, մի քիչ շոգ կլինի, բայց հեղափոխությունը զոհողություններ է պահանջում: Չմոռանաք վիրակապն ու արյունոտ սրտիկը: Ազգային հերոսի կերպար գտեք ու դարձեք այդ հերոսի ֆեյքը: Գեներալ Դուգլաս Մաքարթուրը կամ Ջորջ Պատտոնը վատ տարբերակներ չեն, ինքներդ որոշեք:

Դրսից անպայման աջակցություն կստանաք. Հրագը ԱՄՆ-ում է, երգ կգրի ու կերգի, Հայաստանից սերիալների դերասաններ կգան ԱՄՆ ու Ձեր միտինգներին կմասնակցեն, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ժողվարչապետի հրահանգով պարբերաբար հանդես կգա տիրող իրավիճակի, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման անհանգստացնող դեպքերի և ոստիկանության գործողություններին իրավական գնահատական տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարություններով:

Չմոռանաք մարդկանց աննորմալ խոստումներ տալ: Դուք դրա փորձն, անշուշտ, ունեք: Չեք ամաչում խոստանալ և չանել: Հայաստանում բնակարան գնելու և ավելի շատ ժամանակ անցկացնելու խոստումը հիշու՞մ եք, որ այդպես էլ չարեցիք: Շարունակեք նույն ոգով, ավելի շուտ՝ նույն «դուխով»: Խոստացեք, որ կոռուպցիան ԱՄՆ-ում մեկ օրում վերացնելու եք, բյուջեն 30 տոկոսով մեծացնելու եք, օլիգարխների՝ Ռոքֆելլերների, Մորգանների ու մյուսների փողերը վերցնելու եք ու ժողովրդին բաժանեք: Խոստացեք, որ արագաչափերը վերացնելու եք: Խոստացեք, որ ՆԱՏՕ-ից դուրս եք գալու, իսկ Ռուսաստանին ու Չինաստանին ծնկի եք բերելու: Ի վերջո, խոստացեք, որ Քենեդու սպանությունը բացահայտելու եք... Չմոռանաք ոստիկան Ջոնի տատու անունից կոչեր անելու և Քրիս Կայլի ֆեյք պապուն միտինգային հարթակներ բարձրացնելու տեխնոլոգիաների մասին:

Պարոն Թանկյան, հավատացեք, Դուք կարող եք ԱՄՆ ժողնախագահ դառնալ: Դուք հեղափոխություն արել եք Հայաստանում, կարող եք անել նաև ԱՄՆ-ում: Հետո, իհարկե, կխաբեք բոլորին, ինչպես եղավ Հայաստանում: Ձեր կինը հիմնադրամներ կբացի, Ռոքֆելլերներն ու Մորգանները, ինչքան պետք է, այնքան կմուծվեն ու գործարարի ինդուլգենցիա կգնեն Ձեզանից: Սորոսը կդառնա Ձեր ընտանիքի սիրելի գործարար-բարերարը: Բնականաբար, ՆԱՏՕ-ից դուրս չեք գա, իսկ Պուտինից և Սի Ցզինպինից վերելակում խաղաղություն կաղերսեք՝ խոստանալով, որ փուլային տարբերակով ամերիկյան զորքերը հանելու եք Արևելյան Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Կիմ Չեն Ընը Ձեր վրա կիրթ մարդու և կառուցողական բանակցողի տպավորություն կթողնի:

Կդատեք և հանցագործ կհայտարարեք ամերիկյան բանակի բոլոր գեներալներին՝ որպես թալանչի: Օբամային կնստացնեք, մյուս նախագահների վրա քրեական գործեր կկարեք: Կասեք, որ Ձեզանից առաջ Ամերիկան պատմություն չի ունեցել: Բնականաբար, առավոտից երեկո կգոռաք նախկինների թալանի մասին և այդ ընթացքում մաքսանենգ ադամանդների խմբաքանակներ կուղարկեք Անտվերպեն, մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռներ կուղարկեք Բարսելոնա և Համբուրգ (թղթերով՝ Աֆղանստան): Կոլումբիան և Մեքսիկան Ձեր քթի տակ են, կարելի է նաև ավելի «հետաքրքիր» կանտրաբանդայի մասին մտածել: Զենքի անօրինական բիզնեսի մասին չխոսենք, անծայրածիր հորիզոններ են Ձեր առջև բացվելու: Մի խոսքով՝ մի հապաղեք, արեք Ձեր քայլը: Դուխով, պարոն Թանկյան, դուխով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել