Ամերիկացի մոդել Քայլի Ջեները դադարել է միլիարդատեր լինելուց, հայտնել է Forbes-ը: Ամսագիրը վերագնահատում է կատարել՝ հաշվի առնելով Coty կոսմետիկ ընկերության կողմից բացահայտված ֆինանսական ցուցանիշները։ Ավելի վաղ այդ ընկերությունը Ջեներից 600 մլն դոլարով գնել է Kylie Cosmetics ապրանքանիշի 51 տոկոսը։

Forbes-ի ապրիլյան վարկանիշում 22-ամյա մոդելի կարողությունը գնահատվում էր 1 մլրդ դոլար: Նոր տվյալները վկայում են այն մասին, որ Ջեների կարողությունը մի փոքր գերազանցում է 900 մլն դոլարը, որից 340 մլն դոլարը մոդելը ստացել է հարկերի վճարումից հետո Coty-ի հետ գործարքի արդյունքում: Կարողության մնացած մասը Kylie Cosmetics-ում գերագնահատված մասնաբաժնի արժեքն է, պարզաբանում է Forbes-ը: Պարբերականի կարծիքով՝ Ջեները տարիներ շարունակ «ուռճացրել է իր բիզնեսի մասշտաբներն ու հաջողությունը»։ Ուսումնասիրելով ֆինանսական ցուցանիշները՝ Forbes-ը եկել է այն եզրակացության, որ Kylie Cosmetics-ն ավելի քիչ շահույթ է ստանում, քան պնդում էր մոդելը նախքան գործարքը: Forbes-ի վերագնահատման ժամանակ նաեւ հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի ազդեցության եւ սպառողական ծախսերի կրճատման պատճառով նրա ակտիվների արժեքը նվազել է:

Forbes-ն առաջին անգամ Ջեներին պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր ճանաչել է 2019 թվականի մարտին: Այն ժամանակ նրա կարողությունը նույնպես գնահատվում էր 1 մլրդ դոլար: Forbes-ը նշում էր, որ Ջեները վաստակել է իր կարողությունը, այլ ոչ թե ստացել ժառանգություն:

Ջեները 2015թ․-ին ստեղծել է Kylie Lip Kit-ը: Ընկերությունը զբաղվում էր շրթներկի եւ շուրթերի խնամքի միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: 2016 թվականին այն ընդլայնել է կոսմետիկական միջոցների շարքը եւ վերանվանվել Kylie Cosmetics։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել