Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից շատ հարգված Սիրանուշ Սահակյանի արած տիտանական և ֆանտաստիկ աշխատանքը, չի կարևորելու այդ որոշումը Արցախյան հակամարտության բանակցություններում հայկական կողմի դիրքերի ամրացման և ժողովուրդների անհամատեղելիության փաստարկը կիրառելու համար։

Երեկ, երբ հայտարարվեց, որ ուղերձով դիմելու է ժողովրդին, ինձ մի պահ թվաց, թե սխալվել եմ, ու մեղքս ինչ թաքցնեմ, ուրախացա այդ մտքից։ Բայց ուրախությունս կարճ տևեց։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի Ռամիլ Սաֆարովին ներում և ծառայողական առաջխաղացում շնորհելու գործողությունները գնահատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։ Սա պատմական որոշում է, որի ուժով Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են սեղմ ժամկետներում վերացնել խախտումը, և Սաֆարովը պետք է հայտնվի ազատազրկման վայրում։

Ես, իհարկե, ավելի կգերադասեի, որ նա հայտնվեր բոլորովին այլ վայրում՝ Գուրգեն Մարգարյանի հակառակ ճամբարում՝ դժոխքում, սակայն սա ևս որոշ չափով կվերականգնի արդարությանը և արդարադատությանը հասցված մեծ վնասը։

Բայց Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին այս որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել, քանի որ ինքը զբաղված է իր «ժողովրդին» խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ, ինչի շրջանակներում նա գերադասում է հագնել գլխավոր սանիտարական բժշկի խալաթը և իր «ժողովրդին» սովորեցնել դիմակ կրելու և ձեռքերը ախտահանելու նրբությունները, քան արժևորել հայ սպային ադրբեջանցի վիժվածքի կողմից դաժան սպանության և Ալիևի կողմից հերոսացման միջազգային դատապարտող գնահատականը։

Գուրգեն Մարգարյանն իրեն այլևս չի հետաքրքրում, քանի որ նա հիմա խաղաղություն է կառուցում և զբաղված է իր իշխանության լրջագույն սպառնալիք դարձած համաճարակի խնդիրներով։

Հետևություն. Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ՈՉԻՆՉ չի հետաքրքրում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել