Այսօր իմացա, որ Տաթևիկ Ռևազյանի դուստրը լույս աշխարհ է եկել։ Ցավոք, հրաշալի այդ լուրն իմացա ինձ համար միանգամայն անընդունելի, զզվելի ու անբարոյական մի գրառման, ավելի ճիշտ՝ դրա արձագանքներին ծանոթանալով։ Ապշած եմ։ Էս ո՞ւր ենք հասել մենք, որ անգամ երեխայի ծնունդը նման բնութագրումների ու վիրավորանքների պատճառ է դառնում։ Ընկերներ, սա վերջն է։ Սրանից այն կողմ էլ ստորություն չկա։ Ատելության ու մեր ժողովրդին պառակտելու քաղաքականության դեմ իմ ու ընկերներիս վերջին տարիների պայքարը հենց նրա համար էր, որ մարդիկ, մեր հայրենակիցներն իրար թև-թիկունք լինեն և ոչ թե թշնամի։ Իսկ այսօր ահա ստիպված եմ արձանագրել, որ մենք ձախողել ենք։ Բոլորս միասին ձախողել ենք։ Մարդկանց սև-սպիտակի բաժանելու քաղաքականությունն այսօր հաղթում է բոլորիս։ Բայց սա չի կարող այդպես շարունակվել։

Աստված պահապան թող լինի Տաթևիկ Ռևազյանին ու նրա նորածին հրաշքին։ Երեխաները մեր ապագան են, ու սիրուց բացի՝ մենք նրանց ոչ մի այլ բան տալու իրավունք չունենք։ Մեր էս ամբողջ եռուզերը մեր զավակների մեկ արտասուքը չարժեն։ Ժողովուրդ, կանգ առեք։ Վերացնենք մեր միջից էս ատելությունը։ Դա ոչ միայն մեզ է կործանում, այլև մեր երեխաների ապագան։ Կանգ առեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել