168.am-ը գրում է.

Տնտեսության վիճակի վատացման ու սոցիալական լարվածության խորացման ֆոնին  իշխանությունները նոր ինտրիգներ են փնտրում՝ հասարակության ուշադրությունը շեղելու և ձևավորված հիսաթափության ալիքը մեղմելու համար։ Տնտեսությունը մտել է ճգնաժամի մեջ, սպասվում է գործազրկության աճ, եկամուտների կրճատում, աղքատության խորացում, և այդ ամենն առաջիկայում բերելու է դժգոհությունների ավելացման։ Թիրախը լինելու են իշխանությունները։

Այնպես չէ, որ դրա համար հիմնավոր պատճառներ չկան։ Համավարակը վեր հանեց քաղաքական վերնախավի կառավարման անկարողությունը։ Իշխանությունները ձախողեցին բոլոր բնագավառներում։

Վարակը համառորեն չի ուզում նահանջել։ Չի հաջողվում կանխել դրա տարածումը։ Այդ պայմաններում կառավարությունը որոշեց բացել տնտեսությունը, չնայած վարակի տարածման տեմպերը շարունակում էին մտահոգիչ լինել։

Հիմա արդեն իրավիճակը, կարելի է ասել, դուրս է եկել վերահսկողությունից։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ արտակարգ դրությանը հարիր միջավայր ստեղծել՝ համավարակի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար։ Այսօրվա արդյունքները դրա վկայությունն են։

Որքան երկար պահպանվի այս իրավիճակը, այնքան տնտեսության վնասներն ավելի մեծ են լինելու։ Հետաձգվելու են նաև վերականգնման հեռանկարները։

Զարմանալի չէ, որ հարևան Վրաստանում արդեն մտածում են նույնիսկ երկիրը զբոսաշրջիկների համար բացելու մասին, իսկ Հայաստանում հաշվում են, թե 10 կամ 20 օր հետո վարակվածների թիվն ինչպիսի նոր ռեկորդների է հասնելու։ Մինչդեռ 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը վարակի մեջքը կոտրելու հեռանկարների մասին էր խոսում։ Այսօր Վրաստանում նոր դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում կամ հատուկենտ են, փոխարենը՝ Հայաստանում վարակվածների թիվը հաշվվում է հարյուրներով։

Ավելանում են նաև մահվան դեպքերը։ Իսկ կառավարությունը սկսել է մի տեսակ անտարբերությամբ հետևել այս ամենին, կարծես այդպես էլ պիտի լիներ։

Իհարկե, այդպես չէր լինի, եթե համավարակի դեմ պայքարը ժամանակին և ճիշտ կազմակերպվեր։ Այդ դեպքում հիմա գուցե մենք էլ մտածեինք զբոսաշրջիկներին երկիր հրավիրելու մասին։ Բայց ստիպված ենք առայժմ այդ մասին մոռանալ ու հաշվել այն կորուստները, որոնք առաջանում են՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ զբոսաշրջության ոլորտում։ Ինչքան երկար ձգվի համավարակային այս իրավիճակը, այնքան կորուստներն ավելանալու են։ Իսկ զբոսաշրջության և դրա հետ փոխկապակցված այլ ոլորտներում զբաղված տասնյակ-հազարավոր մարդիկ շարունակելու են անգործ մնալ ու զրկված իրենց եկամուտներից։

Եթե կառավարությանը թվում է, թե հակաճգնաժամային այն՝ թեկուզ և գրեթե 2 տասնյակի հասնող միջոցառումներով կարողանալու են փրկել իրավիճակը, ապա չարաչար սխալվում են։ Քանի դեռ չի հաջողվել կառավարելի դարձնել համավարակը՝ մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։

Այլևս պարզ է, որ տնտեսության վերականգնումն ուղիղ համեմատական է լինելու համավարակի դեմ պայքարի արդյունավետությանը։ Որքան արագ համավարակը դարձնենք կառավարելի, այնքան շուտ կմոտենանք տնտեսության վերականգնման փուլին։ Իհարկե, ոչ այն ծրագրերով, որոնք փորձ է արվում տեղայնացնել տնտեսության մեջ։ Դրանք շատ քիչ են, որպեսզի փոխհատուցեն հասցված վնասները։ Եվ ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ սոցիալական ոլորտի։

Շատերը զրկվել են եկամտի նախկին աղբյուրներից։ Իսկ դրանք վերականգնելու համար պայմաններ չկան։ Միանգամյա այն օգնությունները, որոնք տրամադրվել են մինչև հիմա, չեն կարող լրացնել եկամուտների բացը։

Առկա՝ ինչպես համաճարակային, այնպես էլ՝ սոցիալական ու տնտեսական իրավիճակը բերելու է վատ հետևանքների։ Եվ ինչպես սովորաբար լինում է՝ հարվածը կրելու են իշխանությունները։ Տնտեսական աճերի, աշխատատեղերի ավելացումների ու աշխատավարձերի բարձրացումների վերաբերյալ նախկինում արվող հայտարարություններով այլևս դժվար է լինելու զբաղեցնել մարդկանց։ Հույսը  բեմականացումներն են, ինչին պատրաստվում են գնալ իշխանությունները։

Այդ գործընթացն արդեն մեկնարկել է. շուտով նոր տեմպ կստանա՝ ի դեմս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի։ Չնայած հնչեցված բազմաթիվ մտահոգություններին, այնուհանդերձ, երկրի նախագահը վերջին պահին այն ստորագրեց՝ դրանով ջուր լցնելով իշխանությունների ջրաղացին։

Այն, որ այդ օրենքը դառնալու է գործիք իշխանությունների ձեռքին՝ մի կողմից՝ անցանկալի մարդկանց զսպելու ու քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մյուս կողմից՝ հասարակության ուշադրությունը սոցիալական ու տնտեսական խնդիրներից շեղելու, խորացող հիասթափությունները մեղմելու համար, կասկածից վեր է։ Նման իրավիճակների վերջին 2 տարիներին բազմիցս ենք ականատես դարձել։

Հավանաբար շատերը կհիշեն, թե իշխանափոխությունից անմիջապես հետո ինչպիսի մեծ շուքով էին բեմադրվում նախկին «թալանչիների» հետ կապված միջադեպերը։ Միլիոնների ու միլիարդների մասին էին խոսում։ Իսկ ո՞ւր են արդյունքները։

Արդյունքներ չեղան, կամ ասվածի համեմատ՝ չնչին են։ Կարևորը՝ այդ պահին իշխանությունների ունեցած քաղաքական նպատակները լիուլի բավարարվեցին։

Հիմա մոտենում ենք հերթական շրջափուլին։ Մեծանում են դժգոհությունները և նոր ներկայացումներ են պետք՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Դարձյալ թիրախը լինելու են նախկիններն և քաղաքական հակառակորդները։ Այնքան էլ էական չէ, թե դրանով ինչ վնասներ ենք հասցնելու երկրի տնտեսությանն ու գործարար միջավայրին։

2 տարի է՝ պայքարում ենք նախկին «թալանչիների» դեմ, ինչ-որ մեկը հաշվե՞լ է՝ դրա օգո՞ւտն է շատ եղել, թե՞ վնասը։ Այն, որ տնտեսությունը զրկված է ներդրումներից ու ներդրումների շնորհիվ ակնկալվող արդյունքներից՝  նաև դրա հետևանք է։

Ժամանակը ցույց կտա, որ այս անգամ ևս տնտեսական հետևանքները շատ ավելի են լինելու, քան ֆինանսական օգուտները։ Արդեն հնչում են հայտարարություններ ներդրողների շրջանում ի հայտ եկած մտահոգությունների, ներդրումային ծրագրերից հրաժարվելու վերաբերյալ։

Բայց դա չէ, որ հուզում է իշխանությանը։ Եվ ոչ էլ այն, թե ինչքան գումար հետ կբերեն։

Այս պահին կարևորը հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելն է, ինչի իշխանություններ պատրաստ են գնալ ամեն գնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել