Այն, որ Նիկոլ Փաշինյանը բանկային գաղտնիքի նկատմամբ ունի անլուրջ վերաբերմունք, վաղուց հայտնի իրողություն է, ընդ որում, դեռևս մինչև ԱԺ վերջին հարցուպատասխանի ընթացքում սոցիալական աջակցության ծրագրերի շահառու անձանց բանկային կարողություններին անդրադառնալը: Իհարկե, կարելի է վերապահումներով ճշմարտամոտ համարել այն հիմնավորումը, թե խոսքն ավանդ ունեցողների մասին հասցեականություն չունեցող վիճակագրությանն է վերաբերում, որը բանկային գաղտնիքի խախտում չէ:

Փոխարենն այլ իրավիճակ է, երբ, նույն ԱԺ ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս է, միջոցառումից գումար է տանում, երրորդի աշխատավարձն առաջնային կարգով բարձրացրել ենք և ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս է, գումար է տանում: Սա է խնդիրը»:

Չի բացառվում, որ սա ևս, ըստ ճաշակի, կարելի է ընկալել որպես հասցեականություն չպարունակող հայտարարություն, ինչի համար (անուններ չհնչեցնելու) կարելի է նույնիսկ շնորհակալ լինել: Բայց չէ՞ որ պարոն Փաշինյանը, փաստորեն, գիտի այդ մեկին, ով ունի 50 մլն ավանդ…

Այս ամենում թերևս միակ հուսադրող հանգամանքն այն է, որ իշխանության շրջանակներում այնուամենայնիվ կա բանկային գաղտնիքի կարևորության գիտակցումը, այլապես չէին լինի դրա չխախտման մասին հիմնավորման փորձերը: Իսկ թե բանկային գաղտնիք հասկացության հեղինակազրկումը, արդյունքում՝ առկա «կիսահեղինակությունը» որքանով կփրկի մեզ բանկային գաղտնիքի վերացման հավանական բացասական ֆոնից, խիստ խնդրահարույց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել