Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Ոչ միայն դատարկության, այլ նաև գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետևողական ոչնչացմանը, նույնիսկ ոզնիներին է հայտնի:

Նիկոլը Փաշինյանը և «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որևէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին՝ նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ: Որովհետև դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ և ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը, կլինի մեծ դիմակահանդես-շոու:

Նայեք Ազգային ժողովին ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շոուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաղված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել