COVID-19-ի բռնկումը իր ազդեցությունն է թողել տնտեսության բոլոր ոլորտների վրա․ բացառություն չէ նաև ավիացիան: Հաշվի առնելով, որ ներկայումս գրեթե ողջ աշխարհում առկա են ճանապարհորդության սահմանափակումներ և տանը մնալու կարգադրություններ կառավարության կողմից, ավիափոխադրումները զգալիորեն դադարել են: Համաձայն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գնահատումների, աշխարհի ավիափոխադրողների 2020թ․ եկամուտները կնվազեն կեսից ավելի չափով: Մինչդեռ արդյունաբերության շատ մասնագետներ կանխատեսում են, որ տարիներ կպահանջվեն օդային ճանապարհորդության համար 2019թ․-ի մակարդակին վերադառնալու համար: Ուղևորափոխադրումների ծավալները ԱՄՆ-ում նվազել են 95%-ով, իսկ ավիաընկերությունները ակնկալում են ճանապարհորդության պահանջարկի մեծ անկում տեսանելի ապագայում:

Այսօր օդային ճանապարհորդությունների անկումը շատ ավելի վատ ազդեցություն է թողնում, քան այն ամենը, ինչին ԱՄՆ արդյունաբերությունը ենթարկվել է նույնիսկ 2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից կամ 2008-2009թթ․տնտեսական ճգնաժամից հետո: ԱՄՆ-ի ավիաընկերությունները շարունակում էին աշխատել նախկին հզորությամբ հունվարին, բացառություն էին կազմում միայն որոշ չվերթներ դեպի Չինաստան և հակառակ ուղղությամբ: Ներքին թռիչքները սովորականի պես իրականացվեցին ինչպես փետրվարին, այնպես էլ մարտի սկզբին: Ավիաընկերությունները մայիսի համար արդեն կրճատել են իրենց ժամանակացույցերը 90%-ով և նախազգուշացնում են, որ թռիչքների նման ցածր թիվը կշարունակվի առնվազն մինչև 2021թ․:

Կորուստները մեղմելու համար Կոնգրեսը անցած ամիս ընդունեց «CARES» ակտը, որը 58 միլիարդ դոլար օգնություն էր հատկացրել ավիացիոն արդյունաբերության համար: Ֆեդերալ օգնությունը ներառում է 25 միլիարդ դոլար դրամաշնորհների և վարկերի մի շարք, որոնք բացառապես տրվում են մոտավորապես 750,000 աշխատողներին վճարելու համար և պահանջում են ավիաընկերություններից արձակուրդի չուղարկել և չկրճատել իրենց աշխատավարձերի չափը մինչև սեպտեմբերի 30-ը, չնայած որ աշխատաժամերը կրճատվել են: Սա կարող է բավարար չլինել խուսափելու աշխատատեղերի կրճատումից, եթե պահանջարկը շարունակի ցածր մնալ: Այնուամենայնիվ,կան որոշ սահմանափակումնեև կապված գործադիրի փոխհատուցման և բաժնետոմսերի ետգնման ժամանակավոր արգելքների հետ։

Ամերիկյան ավիացիան ահռելի վնաս կրեց COVID-19-ի հետևանքով: Ամերիկյան այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են «United Airlines», «Delta Air Lines», «American Airlines», «JetBlue», «SouthWest Airlines»-ը, լուրջ տնտեսական կորուստներ են կրել 2020թ․ առաջին եռամսյակում և շարունակում են բախվել մարտահրավերների, չնայած կառավարության աջակցությանը, քանի որ COVID-19 համավարակը ճանապարհորդության պահանջարկը հասցրել է տասնամյակների ընթացքում ամենացածր մակարդակի: Ստորև ներկայացված են այն մարտահրավերները, որոնց բախվել են ԱՄՆ որոշ ավիաընկերություններ․

«United Airlines» ավիաընկերությունը դարձավ ԱՄՆ առաջին ավիաընկերությունը, որը մանրամասն հաղորդեց վարակի ֆինանսական ազդեցության մասին՝ զեկուցելով առաջին եռամսյակի ընթացքում 1,7 միլիարդ դոլաի կորուստ, ինչը նույնիսկ ավելի վատ ցուցանիշ է, քան 2008թ․-ին: Ավիաընկեության եկամուտները առաջին եռամսյակում նվազել են 17%-ով, նախորդ տարվա համեմատությամբ, մինչև 8 միլիարդ դոլար: Ապրիլի առաջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ ավիաընկերությունը տեղափոխել է 200,000-ից քիչ ուղևոր, ինչը 97%-ով պակաս է ավելի քան 6 միլիոն մարդկանց տեղափոխելու ցուցանիշից, որը գրանցվել էր 2019թ․-ի նույն ժամանակահատվածում: «United»-ը հայտնել է, որ ստացել է մոտ 5 միլիարդ դոլարի օգնություն կառավարություն կողմից, որից 3,5 միլիարդ դոլար դրամաշնորհների և 1,5 միլիարդ դոլար ցածր տոկոսադրույքով վարկերի տեսքով: Կառավարության այս օգնությունը ավիաընկերությունից պահանջում է շարունակել վճարել իր աշխատողներին մինչև սեպտեմբերի 30-ը: Ավիաընկերությունը դիմել է նաև 4,5 միլիարդ դոլար ֆեդերալ վարկ ստանալու համար: «United Airlines»-ը ակնկալում է 22 ինքնաթիռ վաճառել և ետ վարձակալել Չինաստանի բանկի (BOC) ավիացիայից: 22 ինքնաթիռներից վեցը «Boeing 787-9» ինքնաթիռն են, իսկ մյուս 16-ը՝ «Boeing 737-9 MAX» ինքնաթիռները: Դեռ պարզ չէ, թե որքան արժեր վաճառքը, բայց ինքնաթիռները երկարաժամկետ համաձայնագրերով վարձակալության կվերադարձվեն «United»-ին։

«Southwest Airlines»-ը ևս հայտնել է, որ լուրջ վնասներ է կրել 2020թ․ առաջին եռամսյակում 77 միլիոն դոլարի չափով (առաջին վնասը 2011 թվականից ի վեր), ընդհանուր եկամուտը կազմել է 4․2/3 միլիարդ դոլար, ինչը 18%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Կորուստների մասին հաղորդվել է մարտ ամսին, երբ ամրագրումները շեշտակի անկում գրանցեցին, իսկ չեղարկումները կտրուկ աճեցին։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում, «Southwest Airlines» ավիաընկերությունը կանխատեսում է, որ մայիսին իրենց եկամուտները կնվազեն ընդհուպ մինչև 95%-ով, և նշել է, որ «այն ի վիճակի չէ ողջամիտ գնահատել միտումները 2020թ-ի մայիսից զատ»: «Southwest Airlines» ավիաընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2019թ․ մակարդակին վերադառնալու համար կարող է պահանջվել ավելի քան 5 տարի:

«Jetblue Airways»-ը դեռևս չի հրապարակել իր կորուստները առաջին եռամսյակի համար, սակայն ավիաընկերության ղեկավարը նախկինում նշել էր, որ ընկերությունը ավելի մեծ անկում է ապրում, քան 9/11-ից հետո: Այն ավիաընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել կառավարությունից, անհրաժեշտ է, որ պահպանեն իրենց սպասարկման նվազագույն մակարդակը դեպի այն քաղաքներ, որտեղ թռիչքներ են իրականացվում, քանի դեռ տրանսպորտի դեպարտամենտի կողմից ազատման թույլտվություն չեն ստացել: «Jetblue»-ն խնդրել է թույլտվություն՝ դադարեցնել թռիչքները բոլոր 16 օդանավակայաններում մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Jetblue»-ն արդեն ազատման թույլտվություն էր ստացել Պուերտո Ռիկոյի երկու օդանավակայանների համար: Այս ավիաընկերությունը դարձավ ԱՄՆ-ում առաջինը, որը պահանջում է ուղևորներին մայիսի 4-ից սկսած օգտագործել դեմքի դիմակներ կամ դեմքի այլ ծածկոցներ:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման արդյունքում «Delta Air Lines»-ը հաղորդում է իր առաջին եռամսյակային 18% կորստի մասին ավելի քան հինգ տարվա ընթացքում: Երկրորդ եռամսյակում ակնկալվում է եկամուտների 90% անկում: Ավիաընկերության վերջին եռամսյակային կորուստը 2014թ-ի չորրորդ եռամսյակում էր: «Delta»-ի և այլ ավիաընկերությունների համար վարակը ընդհատեց բիզնեսի պատմական բումը: «Delta»-ն ունեցել է 10 տարի անընդմեջ ամենամյա շահույթ և ակնկալում էր աճող պահանջարկ ևս մեկ տարի 2020թ․: «Delta»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդ Բաստիանը հայտարարեց, որ վերականգնումը կարող է տևել երկուսից երեք տարի: «Մենք գիտենք, որ «Delta»-ն որոշ ժամանակով ավելի փոքր ավիաընկերություն է դառնալու, և նույնիսկ վարակի հաղթահարումից հետո մենք պետք է պատրաստվենք անփոփոխ, դանդաղ վերականգնմանը: Հուսով եմ, որ դա շուտով կլինի, բայց մենք պետք է իրատես լինենք մեր պլանավորման մեջ»: Չորեքշաբթի «Delta»-ի բաժնետոմսերը նվազեցին 2.7%-ով: Այն զեկուցել է տարվա առաջին եռամսյակի համար 534 միլիոն դոլարի զուտ կորստի մասին, ինչը 730 միլիոն դոլարի շահույթից ցածր է` համեմատած 2019թ․-ի նույն ժամանակահատվածի հետ:

«American Airlines Group»-ը զեկուցել է, որ իր առաջին եռամսյակի զուտ վնասը կազմել է $1,1 միլիարդ, ինչն իր առաջին եռամսյակային կորուստն է 2013 թ.-ի սնանկացումից ի վեր: «American Airlines»-ի նախագահ և գործադիր տնօրեն Դուգ Փարքերը նշել է, որ «մեր ավիաըներությունը, կամ մեր արդյունաբերությունը երբևէ նման լուրջ մարտահրավերի չի բախվել ... Հավատարիմ մնալով իր աշխատելաոճին, «American Airlines»-ի թիմը ֆենոմենալ աշխատանք է կատարել` հոգ տանելով մեր հաճախորդների և միմյանց նկատմամբ այսպիսի դժվար և հաճախ վշտալի ժամանակաշրջանում: Մենք աներևակայելի հպարտ ենք նրանց անձնուրացությամբ և ուրիշների նկատմամբ նվիրվածությամբ»:
Երկրորդ եռամսյակի համար «American Airlines»-ը նախազգուշացրել է օրական մոտ 70 միլիոն դոլարի կորստի մասին, քանի որ COVID-19 համավարակը հանգեցրեց ճանապարհորդությունների դադարեցմանը: «American Airlines»-ը ամենաքիչ եկամտաբեր ավիաընկերությունն է, քանի որ այն ունի 34 միլիարդ դոլարի հսկայական պարտք: Հետևաբար, այն սնանկության շեմին կանգնելու համար մեկ թեկնածուն է, մի իրավիճակ, որին այն հասել էր 2011թ.-ին։

Այն մարտահրավերները, որոնց այժմ բախվում է ԱՄՆ ավիացիոն արդյունաբերությունը աննախադեպ են: 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամն է, որ ԱՄՆ խոշորագույն ավիաընկերությունները հայտնում են նման ծավալների կորուստների մասին: Եթե 2020թ․ առաջին եռամսյակում եկամտի կորուստները հասել են մինչև 20%-ի, ապա երկրորդ եռամսյակն ակնկալվում է, որ կբերի 90-95% կորուստներ ամերիկյան շատ ավիաընկերությունների համար: Չնայած ԱՄՆ կառավարությունը զգալի օժանդակություն է ցուցաբերել ավիացիոն արդյունաբերությանը, ամերիկյան ավիաընկերություններին, ամենայն հավանականությամբ, տարիներ կպահանջվեն մինչ-COVID-19-ի մակարդակին վերադառնալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել