Նիկոլ Փաշինյանն իր «կոմունալ համերաշխության» լայվով ասում է՝ վճարել ենք («ենք»-ը պետությունն է) այսքան գումար՝ որպես կոմունալ վճարների փոխհատուցում, բայց պարզվեց որ, ոչ բոլորն ունեին դրա կարիքը, կամ կան ընտանիքներ, որոնք ունեն ավելի շատ աջակցության կարիք։

Ո՞րն է արդյունավետ մենեջմենթի ամբողջ հետաքրքրությունն ու իմաստը, որ ցանկացած նախագծի, գործողության, այս դեպքում՝ աջակցության դեպքում հաշվարկվում է ամեն ինչը, ու կառավարությունն իր աջակցության ծրագրի փաստացի իրականացումից առաջ արդեն պիտի հաշվարկած լիներ, որ կլինեն նման դեպքեր ու աջակցության չափն ու ձևը պիտի լիներ ըստ այդմ։ Ըստ էության ունենք վատ մենեջմենթ։

Հիմա հնչում է համերաշխության յուրօրինակ բանաձև. կարիք չունեցողը թող փնտրի, գնտի կարիք ունեցող ու վճարի իր փոխարեն։

Հարց. իսկ կարիք ունեցողն ուզո՞ւմ է, որ իր փոխարեն իր հարևանը վճարի։

Ածանցյալ հարց. որտե՞ղ է վստահությունը, որ իսկապես կարիք չունեցողը կգնա նման քայլի։

Մեկ այլ հարց. արտակարգ դրության պայմաններում, երբ անորոշությունն ու տնտեսական անկումն արդեն անհերքելի են, ի՞նչ չափորոշիչով է որոշվում, թե ո՞վ ունի պետության փոխանցած աջակցության կարիքը, ով՝ ոչ։
Մի՞թե դա հաշվարկելի է՝ ելնելով բացառապես այն հանգամանքով, թե ով է այս պահին կոմունալները կարողացել վճարել, ով՝ ոչ։

Եվ ի վերջո, վերջին հարցը, հետևու՞մ է արդյոք վարչապետի այսօրվա խոսքերից, որ պետության ապաշնորհ կառավարման մեղքը որոշ ժամանակ անց բարդվելու է այն «կարիք չունեցող» քաղաքացիների վրա, ովքեր «չկամեցան» իրենց կարիքավոր մերձավորին։

Նախադեպը լավը չէ, որովհետև արդեն իսկ շրջանառվում են լուրեր, որ տնտեսական աջակցության ծրագրերից էլ օգտվում են նաև կարիքը չունեցողները։

Հաջորդիվ մասնավոր բիզնեսի՞ց ենք պահանջելու վճարել հարևան տնտեսվարողի պարտավորությունները ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել