Operativ.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին սովորական սպառազինություն ձեռք բերել այն բանից հետո, երբ հոկտեմբերին լրանա դրա հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք․ Պոմպեոն։

«Մենք դա թույլ չենք տա»,- ճեպազրույցւմ լրագրողներին ասել է Պոմպեոն։ «Մենք կաշխատենք ՄԱԿ ԱԽ-ի հետ՝ զենքի վաճառքի էմբարգոն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները գնահատում է յուրաքանչյուր հնարավորությունն այն բանի, թե ինչպես կարող ենք դա անել»,- հավելել է նա։

Միացյալ Նահանգները 2018թ․ դուրս էր եկել իրանական միջուկային գործարքից։ Այդ համաձայնագրի շրջանակներում Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերին։

Էմբարգոյի երկարաձգման մասին ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձեւը փոխանցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային՝ միջուկային գործարքի կողմերին, հաստատել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը, սակայն ՄԱԿ դիվանագետները հայտարարել են, որ այն չեն փոխանցել ՄԱԿ ԱԽ մնացած 11 անդամներին, ներառյալ Ռուսաստանն ու Չինաստանը։

«Չինաստանը, Ռուսաստանը եւ աշխարհի մյուս երկրները կարող են հոկտեմբերին իրանցիներին վաճառել սովորական զենքի զգալի համակարգ»,- ասել է Պոմպեոն: «Մենք կոչ ենք անում Եվրաեռյակի մեր գործընկերներին միջոցներ ձեռնարկել: Սա նրանց հնարավորությունների սահմաններում է»,- հավելել է նա՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի հարկադրաբար վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ բոլոր պատժամիջոցները, ներառյալ սովորական զենքի մատակարարման էմբարգոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել