Ապրիլի 22-ից կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու դեպքում ընկերություններն արդեն իրավունք ունեն կասեցնել դրանք:

Այս մասին հայտարարում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, երբ մարդկանց տեղաշարժը շատ սահմանափակ է, երբ անուղղակիորեն ճգնաժամի և ուղղակիորեն կարանտինային ռեժիմի պայմաններում բնակչության մեծ մասը կորցրել է եկամուտների զգալի մասը կամ ամբողջը, իսկ մնացած հայրենակիցները` վստահությունը, որ առաջիկայում կունենան կայուն եկամուտ:

Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն կոմունալների վճարման ֆորս-մաժորը համարել է վերացած իր հայտարարության մեջ նշելով` «հաշվի առնելով պարետի կողմից սահմանափակումների որոշակի մեղմացումը, պետության կողմից կոմունալ վճարումների խնդրի որոշակի մեղմումը»:

Սա այն պարագայում, երբ շրջանառվող լուրերի համաձայն, տնտեսական գործունեության որոշ տեսակների մասնակիցներ տուգանվում են ոստիկանների կողմից` չնայած պարետի կողմից այդ տեսակի գործունեության վերսկսման թույլտվության: Այն դեպքում, երբ պետության կողմից կոմունալ վճարումների խնդիրը «մեղմվել է» ընդամենը մեկ ամսվա համար, իսկ անորոշությունը ու իրավիճակի տնտեսական հետևանքներն արդեն իսկ գերազանցել են մեկամսյա ժամկետը, կանխատեսումներն էլ լավը չեն:

Ինչևէ, ՀԾԿՀ-ը որոշել է, որ ֆորս-մաժորը վերացել է` ըստ էության, ինքը վերացած լինելով իրականությունից:

Հ.Գ
ՀԾԿՀ-ի կողմից ֆորս-մաժորի վերացումը համընկեց ընտանիքներին սոցիալական աջակցության բաշխումների գործընթացի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել