Առաջիկայում սպասվող մի քանի իրադարձություններ հուշում են, որ նավթի համաշխարհային շուկան, հնարավոր է, մոտ ապագայում մտնի կարգավորման փուլ:

Դրանք են․

09.04.2020 - ՕՊԵԿ+ երկրների հեռավար հանդիպման այս պահին դրությամբ սահմանված ժամկետն է: Ինչո՞ւ այս պահի դրությամբ, քանի որ մեկ անգամ արդեն` 06.04-ին, նախատեսված հանդիպումը հետաձգվել է:

10.04.2020 - G20-ի երկրների էներգետիկայի նախարարների արտակարգ հանդիպում:

11.04.2020 - ԱՄՆ սենատորները սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհային շուկայի կայունացումը:

Ո՞վ շահեց և ի՞նչ։

ԱՄՆ - Վտանգի ներքո հայտնվեց «թերթաքարային նավթի հեղափոխությունը», որի նկատմամբ Միացյալ Նահանգները մեծ հույսեր ունեն:

Սաուդյան Արաբիա - Տուժեց ամբողջությամբ: Բյուջետային եկամուտների մոտ 75 տոկոսը և ՀՆԱ-ի մոտ 45 տոկոսն ապահովվում է նավթային արդյունաբերությամբ: 20 դոլարի շեմին հասած նավթը մեծ հարված է երկրի համար:

ՌԴ – Չնայած հայտարարվեց, որ ռուսական պահուստները լիովին բավարար են նավթի էժանացման վնասները կոմպենսացնելու, այնուամենայնիվ, այստեղ ևս փոքր չէ հարվածը, մինչդեռ ՌԴ-ն նաև շահում է ու, կարծես թե, շատ: Նախ՝ որոշ չափով կանգնեցրեց ամերիկյան թերթաքարային նավթի շուկայի առաջխաղացումը, երկրորդ՝ ազդակներ կան, որ ամերիկյան կոնգրեսականների հանդիպումից հետո Սաուդյան Արաբիան կգնա կա՛մ միակողմանի, կա՛մ ՌԴ-ին ոչ համաչափ արդյունահանման ծավալների կրճատման: Իսկ ազդակներ ստանում ենք սաուդյան իշխանությունների հետ սպասվող բանակցություններին հանրապետական սենատորներ Քևին Կրամերի ու Դեն Սալիվանիի մասնակցությունից, ովքեր ավելի վաղ առաջարկում էին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սաուդյան Արաբիային, եթե Էր Ռիադը հրաժարվի կրճատել նավթի արդյունահանումը:

Գուցե սպասվող հանդիպումների ֆոնին նավթի շուկան մտնի կարգավորման սկզբնական փուլ, գուցեև կրկին հարցը ձգձգվի, բայց այս զարգացումները հուշում են, որ որպես Հայաստանին վաճառվող ռուսական գազի նոր բանակցությունների առիթ նավթի շուկայի կարգավորման ուշացմանն ակցենտավորվելը խիստ աննպատակահարմար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել