Գործակալության կողմից նոյեմբերին մի փոքր բարձրացրած վարկանիշի կրկին իջեցումը բացատրվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով: Մասնավորապես, նշվում են համաճարակի բացասական ազդեցությունը ապրանքատեսակների (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից սպասվող հետևանքների (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջության ոլորտների վրա:

Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նվազեցումը «B+» մակարդակից «BB-» մակարդակի անվանել կտրուկ փոփոխություն ինքնին սխալ է, քանի որ, ըստ գործակալության վարկանիշային աղյուսակի, դեռևս գտնվում ենք նույն ռիսկայնության ենթատիրույթում:

Ընդ որում, նույն իրավիճակը հակառակ ուղղությամբ ունեինք 2019թ.-ի դեկտեմբերին, որի ժամանակ, սակայն, իշխանամերձ բոլոր ուժերը ռեյտինգի փոփոխությունից մեծ «տոն» կազմակերպեցին: Այս պահին, իրականում, ճաշակի հարց է` ռեյտինգի վերանայումից «աղետ» սարքել, թե ոչ, բայց մի քանի բացասական ուղերձ, այնուամենայնիվ, այս ամենում կա.

1. Գործակալությունը Հայաստանի վարկանիշի նվազեցումն ուղեկցում է «բացասական» կանխատեսմամբ, ինչը իրավիճակի արագ չվերականգման պարագայում կարող է ենթադրել սույն տենդենցի շարունակականություն, արդեն ռիսկայնության այլ` ավելի ցածր հարթությունում:

2. Ոլորտների արագ վերականգնումը շատ դեպքերում (զբոսաշրջություն, ՌԴ-ից ածանցյալ ազդեցություն), մեզանից կախված չէ, ուստի գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի հետագա բացասական վերանայումներն առնվազն այս պահին բացառված չեն:

3. Գործակալության կողմից նշվում է տնտեսության առաջնային խոցելի ոլորտները, որոնց մասին բարձրաձայնվում էր մինչ մեզ մոտ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հատուկ միջոցառումների հաստատվելը, սակայն որոնց նկատմամբ լրջությունն իշխանության կողմից խիստ կասկածելի մակարդակում էր: Ավելին՝ պարբերաբար շրջանառվում էր թեզը, որ ՌԴ-ից եկող ազդակները մեծ ազդեցություն չեն ունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ կախվածությունը նույն տրանսֆերտներից նվազել է: Եթե հաշվի առնենք, որ ընդամենը 2019-ի նոյեմբերին Fitch-ի ռեյտինգը շատ լուրջ էր ընկալվում իշխանության կողմից, ապա, փաստորեն, ՌԴ-ից բացասական ազդակն իրենց սպասածից մեծ ազդեցություն ունեցավ:

4. Վարկանիշային գործակալության կողմից բացասական վերանայման հիմնական պատճառները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունում համակարգային ոչ մի բան չի փոխվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեր տնտեսությունում մեծ է կախվածությունն արտաքին աշխարհից, զբոսաշրջությունից (այսուհանդերձ, Հայաստանը զբոսաշրջային երկիր դեռ չենք կարող անվանել, ուստի սա որպես տնտեսության համակարգային, կայացած ոլորտ չի կարող համարվել), և ներդրումների բացակայության խնդիրը շարունակում է լինել դոմինանտող:
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մինչ այժմ ոչ մի տնտեսական հեղափոխություն էլ տեղի չի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել