Ինչպես գիտեք, ԱԺ վաղը երկորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում:

Բացի այդ , ԶԼՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ՝ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման եւ տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում`

1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ դեպքերում է (ըստ մեր ուսումնասիրության՝ միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն, քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունը օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ: Գուցե չեք հասցրել ուսումնասիրել։

Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։

2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում:
Խուճապի դեմ պայքարը ԶԼՄ-ների համար անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը «դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ:
Ուսումնասիրությունը՝ մեր ՀԿ էջում, ինչպես նաեւ մեկնաբանության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել