Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, դուրս են գրվել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հիվանդանոցից և ներկայումս մեկուսացված են իրենց տանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում տալով Հենքսի ներկայացուցչին:

Զույգը տեղափոխվել էր Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոց, երբ նախորդ շաբաթ պարզվել էր, որ իրենք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: 

Ավստրալական SBS հեռուստաալիքի տվյալներով՝ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: 63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ և ինչպես է զույգը վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով:

Հենքսն իր ինսթագրամյան էջում գրել է, որ իրենք մեկուսացված են լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաշխարհային առողջապահությանը և անվտանգությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել