Azatutyun.am-ը գրում է․

Հինգշաբթի օրը եվրոպական մի շարք երկրներ նոր կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով շուրջ 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 13 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Արգելվում է նաև 30-ից ավել անձանց մասնակցությամբ միջոցառումները, առաջիկայում նախատեսվում է փակել ժամանցային և մշակութային վայրերը, սահմանփակվել է նաև ռեստորանների աշխատանքային ժամերը: Ավելի վաղ, այս շաբաթ փակվել են նաև բոլոր դպրոցները:

Սլովակիան, իր հերթին, արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր, բացառությամբ կեցության իրավունք ունեցող անձանց: Կփակվեն դպրոցները, օդանավակայանները, ռեստորանները:

Դպրոցները փակելու որոշում է կայացրել նաև Իռլանդիայի կառավարությունը:

Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, դեռևս հաստատված դեպքեր չկան միայն Չերնոգորիայում:

Վարակվածների և մահվան ամենամեծ թիվը Իտալիայում է, միայն երեկ այդ երկրում հաստատվել է 2300 նոր վարակի դեպք: Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է հազարի, Եվրամիության մյուս երկրներում՝ հարյուրավոր: Ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Իտալիան, կարանտին է սահմանված գրեթե երկրով մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել