Եթե բարդ է իմանալ, թե ինչ է նշանակում անկախ դատարանը, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը։ Թվում էր, թե հայ հասրակության մեջ արդարությունը որոշ արմատներ ունի, հայերից շատերը կասեն, որ առնվազն արդար չէ որևէ խախտում չարած որևէ մեկին աշխատանքից հեռացնելը։

Ուրեմն նրանք, ովքեր պատրաստ են հանրաքվեին «Այո» ասելով հեռացնել աշխատանքից բարեխիղճ, անկաշառ դատավորներին, արդարության զգացումից իրենց զրկում են։ Ինչպե՞ս, նրանք վերածվեցին անարդարության գործիքի, չէ՞ որ հեղափոխությունը եղել էր հանուն արդարության, որ նաև որևէ մեկին անարդար կերպով գործից չհանեն, թե՞ սա անարդարության հեղափոխություն էր, որ մարդկանց միջից արդարության զգացումն է չորացնում։

Ինչպես սարսափ ֆիլմում միջատների արքան կնճիթով ծծում-քաշում է մարդու ուղեղից բանականությունը, որ օգտագործի իր զորքի ավերիչ արշավի համար, այնպես էլ վարչապետը ծծում-հանում է մարդկանց միջից արդարության զգացումը և տեղը ներարկում ատելություն՝ իր էգոիստական հակումները բավարարելու համար։
Մինչև հիմա՝ «հեղափոխությունից» արդեն երկու տարի անց, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մի անձի ձեռքում, ով ոչ միայն բարեփոխումներ չի բերել, այլ միայն ավերում է կառույցներ և ամեն օր ապացուցում, որ նախորդներից առավել բռնապետական հակումներ ունի, կան բազմաթիվ անձինք, որ ասում են՝ պետք է «այո» քվեարկել, որ նախկինները ռևանշ չկարողանան անել։

Որևէ մեկը գիտի՞, թե 37 թիվ ինչու եղավ, օրինակ՝ ինչո՞ւ Չարենցին ու Զապել Եսայանին բանտում սպանեցին, Բակունցին ու Թոթովենցին գնդակահարեցին։ 37 եղավ, որ նախկինները (ցարիզմը կամ դաշնակցությունը) հանկարծ ռևանշ չկարողանան անել։ Ահա թե ինչ անհեթեթության էր հասնում նախկիններով ահաբեկումը․ հակադաշնակցական Չարենցին, Թոթովենցին, Եսայանին սպանում էին, որ դաշնակցությունը չվերադառնա։
Իսկ գիտե՞ք, թե ինչպես եղավ, որ հասարակությունը հանդուրժեց, որ իր մտավորականներին սպանեն։ Շատ պարզ, ինչպես այսօր իշխանության հանրաքվեին «այո» ասողներն են ասում, դե, մի բան արած կլինեն դատավորները։ Մի բարեկամ ասաց․ «Անպայման գնալու եմ, «այո» քվեարկեմ, դե, մի բան արած կլինեն, չկա ծուխ առանց կրակի»։ Էն ժամանակ էլ ասում էին՝ այո, հա, հա, դե մի բան արած կլինեն, որ գնդակահարում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել