Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց։ Նախագծի նպատակն ու անունը լավ է հնչում, բայց բովանդակային առումով լուրջ խնդիրների է առաջացնելու՝ երկրում ստեղծելով ցնցումների նոր ալիքներ։ Նախագիծը օրենք դառնալուց հետո իշխանությունները կունենան նոր մահակ և կսկսեն աջ ու ձախ խլել իրենց ոչ հաճո անձանց ունեցվածքը՝ անունը դնելով թալանի վերադարձ։ Իհարկե, հասարակության մի մասը դա կողջունի՝ հաշվի չառնելով հետագա վտանգները, երբ, օրինակ, նոր իշխանությունների ժամանակ սեփականությունից զրկված որոշ անձինք դատական հայցերով, այդ թվում՝ և միջազգային դատարանների միջոցով պետությունից կվերադարձնեն իրենց ունեցվածքը տոկոսներով, և այսպես տարիներ շարունակ մեր երկիրը կմնա անկայունության և սեփականության չպաշտպանվածության հորձանուտում՝ Հայաստանը թողնելով ներդրումների համար ոչ գրավիչ երկրների շարքում, իսկ առանց ներդրումների երկիրը զարգացնել հնարավոր չէ։ Մասնավորապես՝ «պաշտոնյաների հետ փոխկապակցված այն անձինք, որոնց անունով ձեւակերպված է կասկածելի ծագում ունեցող գույք» հոդվածով կարելի է խլել յուրաքանչյուրի սեփականությունը՝ ըստ իշխանության նախասիրության։

Հարց կառաջանա՝ թողենք, թող թալանածը մարսե՞ն, թե՞ վերադարձնենք․ բարդ հարց է, իհարկե, բայց և ավելի բարդ ու վտանգավոր է երկրում անկայունության մթնոլորտի խորացումը, գուցե արժեր նախ անկախ դատական համակարգը և իրավապահ մարմինները կայացնել, նոր անցնել ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ամեն դեպքում պետք է փաստենք, որ պետությունից գողացվածը, ցավոք, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնել հնարավոր չէ, իսկ այս նախագծի օրենք դառնալը կհանգեցնի կապիտալի արտահոսքին և ներդրումների չեզոքացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել