Վերջին 1.5 ամսվա ընթացքում սրընթաց թափով ուժգնացող կորոնավիրուսի խուճապը Հայաստանում ևս անկառավարելի իրավիճակ ստեղծեց։ Ի տարբերություն շատ այլ երկրների, սակայն, մեզ մոտ հասարակություն-իշխանություն ինտերակտիվ կապը դեռևս չի կարգավորվում։ Մարդիկ մեծ մասամբ չեն հավատում վիրուսի դեմ արդյունավետ պայքարի՝ կառավարության քայլերին, քանի որ ստանում են հակասական տեղեկություններ, իսկ սոցիալական ցանցերը ամեն մարդու ամեն ինչ ասելու և տարբեր կողմեր ուղղորդելու հնարավորություն են տալիս։

Իշխանության տարբեր մարմիններ ժամանակի ընթացքում լուսանցք են մղել լրագրողի գործոնը՝ որպես իշխանության և հասարակության միջև տեղեկատվական կապող օղակ։ Այդ գործը հիմա անում են պաշտոնյաները՝ ֆեյսբուքի միջոցով անմիջապես դիմելով հանրությանը, բայց քանի որ բոլոր պետական պաշտոնյաները չէ, որ ունեն բավարար տեղեկացվածություն և ճգնաժամային իրավիճակներում հանրության հետ աշխատելու հմտություններ, սկսվեց իսկական խառնաշփոթ։

Այստեղ է, որ պետք է մեծ դեր խաղային լրատվամիջոցները, որոնք փաստացիորեն երկրորդ պլանում են, շատերն էլ լայք հավաքելու համար դիմում են սենսացիոն վերնագրերով հրապարակումներ անելու տարբերակի։ Սա լրագրություն չի, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, սա ֆեյսբուքյան մրցապայքար է։

Լրագրությունն ավելի բարձր կատեգորիա է, քան սոսկ տեղեկություն հաղորդելը։ Լրագրողը ճգնաժամային կառավարման կարևոր մասնակից է, որը հանրությանը ոչ թե խուճապի է մատնում, այլ տալիս անհրաժեշտ և համակարգող տեղեկություններ և իրավիճակի վերլուծություն։ Հուսանք, այսօրվա իրավիճակը Հայաստանի պաշտոնյաներին և լրատվամիջոցներին կուղղորդի առաջիկայում մտածել տեղեկատվական համագործակցության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել