ԱՄՆ սանիտարական իշխանությունները վերլուծել են այն բոլոր տեսակի մակերևույթները, որոնք համարվում են կորոնավիրուսի «բնակեցման» միջավայրերը, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին:

«Պղնձի և պողպատի վրա վիրուսը սովորաբար մնում է մոտ երկու ժամ: Այլ մակերևույթների, օրինակ` թղթի կամ պլաստիկի վրա վիրուսն ավելի երկար է պահպանվում, և մենք հետազոտում ենք այն»,- հայտարարել է Ռեդֆիլդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:

ԱՄՆ առողջապահության նախարարության կառույցի մաս կազմող դաշնային գործակալության տնօրենի խոսքով` Diamond Princess կրուիզային նավում կորոնավիրուսի բռնկման պատճառը վարակված մակերևույթներն են եղել և ոչ թե վիրուսի` օդակաթիլային ճանապարհով փոխանցումը:

Կրուիզային նավը Յոկոհամայից դուրս էր եկել հունվարի 20-ին և նավահանգիստ էր վերադարձել փետրվարի 3-ին: Ճապոնիայի իշխանությունները նավում երկշաբաթյա կարանտին էին հայտարարել: Նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 3711 մարդ, այդ թվում՝ 2666 հյուր և անձնակազմի 1045 անդամ: Անցած շաբաթ հայտնի դարձավ նավի վրա կորոնավիրուսով վարակվածներից երկուսի մահվան մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել