Փետրվարի 19-ին Նևադա նահանգում տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության բանավեճը հենց այդ նույն նահանգում փետրվարի 22-ին կայանալիք ընտրության (caucus) նախօրեին: Այս բանավեճին մասնակցում էին նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգը և Հարավային Բենդ Ինդիանայի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիջը։

Այս բանավեճը դեմոկրատական կուսակցության մյուս բոլոր բանավեճերի համեմատ գրանցեց հեռուստատեսային դիտումների ռեկորդային ցուցանիշ՝ 19․7 միլիոն և ևս 13․5 միլիոն դիտում ուղիղ հեռարձակմամբ։ Այնուամենայնիվ, այն 2016թ․ Հանրապետական կուսակցության բանավեճին գրանցած դիտումների ցուցանիշը շարունակում է առաջատար լինել, որի ընթացքում այդ ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին անգամ առերեսվեց հանրապետական իր մյուս հակառակորդների հետ՝ ապահովելով 24 միլիոն դիտում։

Նախորդ՝ Նյու Հեմփշիրում կայացած բանավեճից հետո Էլիզաբեթ Ուորենը դժգոհություն էր արտահայտել առ այն, որ թեև նա հաճախ էր ձեռք բարձրացնում, սակայն խոսելու հնարավորություն քիչ էր ստանում։ Արդեն իսկ Նևադայում Ուորենը այդ բացը փորձեց լրացնել՝ ամենաշատը խոսելով մյուս թեկնածուների համեմատ։ Խոսելաժամանակով նրան հաջորդում են Էմի Կլոբուշարը և Բերնի Սանդերսը։ Ամենաքիչը խոսեց բանավեճին առաջին անգամ մասնակցող միլիարդատեր Բլումբերգը։

Առանձնացնենք բանավեճի գլխավոր դրվագները․

Բանավեճից դեռ րոպե չանցած Բլումբերգը դարձավ բոլոր թեկնածուների թիրախի առարկան։ Ուորենը նախազգուշացրեց, որ դեմոկրատները լրջագույն ռիսկի կդիմեն, «եթե մի ամբարտավան միլիարդատերի պարզապես փոխարինեն մյուսով»։

Բլումբերգի նկատմամբ քննադատությունը կենտրոնանում էր երկու հիմնական հանգամանքի վրա։ Առաջինը կապված էր կանանց նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքի և ոտնձգությունների հետ։ Այս թեման բարձրաձայնեց Ուորենը՝ մասնավորապես անդրադառնալով այն պայմանագրերին, որոնք կնքվել են Բլումբերգի ընկերությունում աշխատող մի շարք կանանց հետ, որոնցով այդ կանայք պարտավորվում են որևէ տեղեկություն չբացահայտել։

 Երկրորդ հաճախ քննադատվող հարցը վերաբերում էր Բլումբերգի՝ Նյու Յորքի քաղաքապետ լինելու տարիներին կիրառվող «stop-and-frisk» ծրագրին։ Վերջինս իրենից ենթադրում էր ոստիկանության խուզարկության մի մեթոդ, որով վերջիններս հասարակ քաղաքացիներին ցանկացած պահի կարող էին կանգնեցնել՝ ենթարկելով հարցաքննման ու խուզարկության։ Խնդիրն այն էր, որ այդ խուզարկություններին առավել հաճախ ենթարկվում էին փոքրամասնություն կազմող սևամորթ և լատինաամերիկացի երիտասարդ տղամարդիկ։

 Մայք Բլումբերգը նախագահի այն միակ դեմոկրատ թեկնածուն է, որն ամբողջությամբ ինքնաֆինանսավորում է իր քարոզարշավը և միչև այսօր ծախսել է $464 միլիոն, որը ռեկորդային ցուցանիշ է նախկին ինքնաֆինանսավորվող թեկնածուների համեմատ։

Էլիզաբեթ Ուորենը առողջապահական ապահովագրության իր ծրագիրը լավագույն տարբերակ ներկայացնելու համար խստագույնս թիրախավորեց մյուսների ծրագրերը՝ մասնավորապես նշելով, որ Փիթ Բութիջիջինը «ոչ թե ծրագիր է, այլ PowerPoint», Էմի Կլոբուշարինը նմանեցնելով պարզապես նշումների, իսկ Սանդերսի հարցում նշեց, որ «այդ ծրագիրը, միևնույն է, հավանաբար չի իրագործվի»։

Մշտապես քննարկման առարկա է ամենատարեց թեկնածու Բերնի Սանդերսի առողջության հարցը, քանի որ վերջինս 4 ամիս առաջ սրտի կաթված էր ստացել։ Եթե նախկինում այս հարցին մոտենում էին զգուշությամբ, ակնարկների միջոցով, այս անգամ ուղիղ հարց հնչեցվեց, թե արդյոք նա պատրաստվում է բացահայտել իր առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչին Սանդերսը բացասական արձագանք տվեց։

Անդրադարձ եղավ նաև այն հանգամանքին, որ Էմի Կլոբուշարը իր հարցազրույցներից մեկում չէր կարողացել նշել Մեքսիկայի նախագահի անունը։ Քննադատությանը միացավ Փիթ Բութիջիջը, ով, ի տարբերություն Կլոբուշարի, կարողացել էր նշել նախագահի անունը։

 Ոչ պակաս կարևոր դրվագ տեղի ունեցավ փակման ելույթների ժամանակ։ Բայդենի ելույթն առաջին իսկ վայրկյաններից ընդհատվեց դահլիճից հնչող ցուցարարների բողոքի ձայների պատճառով։ Բղավոցներից ակնհայտ դարձավ, որ ցուցարարները բողոքում էին Օբամա-Բայդեն կառավարման ժամանակ մեծ թվով ներգաղթյալներ (3 միլիոն) արտաքսելու դեմ։

Նևադայի ընտրությունների նախօրեին ստացվել են հարցումների հետևյալ տվյալները։ Առաջին տեղում է Բերնի Սանդերսը՝ 35%: Նրան հաջորդում է Ջո Բայդենը՝ 17%: Մնացյալ թեկնածուների արդյունքները հետևյալն են՝ Փիթ Բութիջիջ՝ 16%, Էլիզաբեթ Ուորեն՝ 12%, Թոմ Սթեյեր՝ 10%, Էմի Կլոբուշար՝ 10%, Թուլսի Գաբբարդ՝ 0,2%։ Մայք Բլումբերգը այս ցանկում չի հայտնվել, քանի որ նա չի հասցրել ժամանակին ներկայացնել նախատեսված փաստաթղթերը Նևադայի ընտրություններին մասնակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել