Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումն իջեցրել է օրական 365 հազար բարելով՝ օրական մինչեւ 825 հազար բարել՝ 2011 թվականից ի վեր ռեկորդային ցածր մակարդակ: Այդ մասին ասված է գործակալության փետրվարյան հաշվետվության մեջ:

Վերանայման հիմնական պատճառը դարձել է նոր տիպի կորոնավիրուսի տարածումը եւ, որպես հետեւանք, տնտեսական աճի տեմպերի նվազումը Չինաստանում:

«2020 թվականին մենք մեր կանխատեսումն իջեցրել ենք օրական 365 հազար բարելով՝ օրական մինչեւ 825 հազար բարել՝ 2011 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշ: Պահանջարկի աճը 2019 թվականին նվազել է օրական 80 հազար բարելով՝ օրական մինչեւ 885 հազար բարել՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում սպառման ավելի ցածր, քան սպասվում էր, ցուցանիշի ֆոնին»,-նշվում է հաշվետվության մեջ:

Փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի տարածումը հունվար-մարտին կհանգեցնի նավթի համաշխարհային պահանջարկի նվազեցման օրական 435 հազար բարելով: «Նավթի պահանջարկը, ինչպես սպասվում է, օրական 435 հազար բարելով կնվազի 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչը կարող է դառնալ առաջին եռամսյակային նվազումը ավելի քան 10 տարվա ընթացքում»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել