Factor.am-ը գրում է.

Factor TV-ի հարցազրույցը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ

–Պարոն Հովհաննիսյան, 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Ինչո՞ւ է բանակում նման վիճակ: Բացի այն, որ ՊՆ–ն կիսում է զոհերի հարազատների վիշտը ուրիշ ի՞նչ է անում մահերը կանգնեցնելու համար:

-Դժվար է խոսել, երբ մեկ օրում ունենք երկու դեպք, բոլորիս մեղավորությունն է՝ անկախ ամեն ինչից: Արդարանալու և մեղավորությունն ուրիշի վրա գցելու ցանկություն չունենք: Ցավոք, սա մեկ պատճառի հետևանք չէ, անշուշտ հրամանատարությունն ունի իր մեղքի բաժինը, և համապատասխան կերպով դա արտահայտվելու է, բայց կան նաև այլ պատճառներ. ոչ կանոնադրային լուծումները գերակայում են կանոնադրային լուծումներին, և արդյունքում լինում է այն, ինչ ունենք:

–Այս դեպքերից հետո հանրությունը չի իմանում, թե այս կամ այն զոհը ինչի հետևանք է: Ծնողներն էլ չեն կիսում այն տեսակետը, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանության հետևանք: Այս անորոշության հարցը կլուծվի՞, այսինքն՝ իրական պատճառների մասին կտեղեկանա՞նք:

-Ոչ մի հարազատ, ոչ մի մայր չի ուզենա ընդունի, որ իր երեխան ի վիճակի էր ինքնասպանության: Տրամաբանական չէ, որ ինչ-որը մեկը կասի՝ իմ տղան այնքան թույլ էր, որ կինքնասպանվեր: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ ինքնասպանության գնացողն էլ թեթև բանից չի գնում ինքնասպանության, կան որոշակի խորքային դրդապատճառներ: Իսկ մի գուցե պետք չէ՞ շատ խորանալ, որովհետև ինքնասպանության մասին խոսելը սև գովազդ է:

–Պարոն Հովհաննիսյան, այս օրերին նաև տեսակետ է հնչում, հիշեցվում է, որ Զինված ուժերի մարտունակության և կարգապահության համար պատասխանատու է Գլխավոր շտաբը, սակայն նախարարությունը և նախարարը վերահսկող գործառույթ ունեն։ Ինչո՞ւ եք թերանում Ձեր վերահսկողական գործառույթներում։

-ԶՈՒ-ի գլխավոր պատասխանատուն հենց շտաբն է, բայց ՊՆ-ն երբեք չի փորձել իր վրայից գցել պատասխանատվության բեռը, քանի որ նախարարը և իր տեղակալներն են նախևառաջ քաղաքացիական և իրավական վերահսկողության մեխանիզմների առաջ կանգնում: Մենք մեզ համարում ենք մեկ ընտանիք և մեր թերությունները փորձում ենք մեր մեջ լուծել: Եթե թերացել ենք՝ ուրեմն մենք ենք թերացել:  Եթե կա զոհ՝ չթերանալու մասին խոսելը դժվար է:

–Պարոն Հովհաննիսյան, ՊՆ–ի գնումներին անդրադառնանք: Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՊՆ փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սպառազինության վարչությունում, զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում համագործակցում են: Մասնավորապես մամուլը գրել էր, որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը և դրա արդյունքում այլ ընկերությունների ապրանքատեսակներ դուրս են մնում մրցակցությունից, առավելությունը տրվում է հորեղբոր անվան հետ կապվող ՍՊԸ–ին: Ինչո՞ւ այս փոփոխությունները ՊՆ չեն հասնում:

-Այդ դեպքի շրջանակներում կա քրեական գործ, ես ձեռնպահ կմնամ հստակ մեկնաբանություններ տալուց, թե ինչ է տեղի ունեցել: Բայց, եթե որևէ մեկս ԶՈւ-ում կատարում ենք գործունեություն, որն օրենքից դուրս է՝ միանշանակ պետք է լինի պատասխանատվություն:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել