Նյու Հեմփշիրի 2020թ․ նախնական ընտրությունները տեղի ունեցան փետրվարի 11-ին, որի ընթացքում ընտրողները քվեարկեցին իրենց ցանկալի թեկնածուների օգտին, որի հիման վրա տվյալ նահանգի ընտրիչները, ի թիվս մյուս նահանգների ընտրողների, Դեմոկրատական ազգային համագումարի և Հանրապետական ազգային համագումարի ժամանակ արդեն պաշտոնապես կընտրեն 2020թ․ իրենց կուսակցությունը ներկայացնող վերջնական թեկնածուներին։

Առանձնացնենք Նյու Հեմփշիրի նախնական ընտրության կարևոր դրվագները․

Նյու Հեմփշիրում դեմոկրատական կուսակցության թեկնածուներից առաջատարն է Բերնի Սանդերսը, ում չնչին տարբերությամբ զիջում է Փիթ Բութիջիջը, երրորդ տեղում է Էմի Կլոբուշարը, ով իր արդյունքներով առաջ անցավ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից և Էլիզաբեթ Ուորենից։

Թեև Նյու Հեմփշիրում Սանդերսը հաղթել է ժողովրդական ձայներով (popular vote), այնուամենայնիվ, ընտրիչների թվով նա և Փիթ Բութիջիջը հավասար են այս նահանգում (յուրաքանչյուրը 9-ական ընտրիչ)։

Այովայի և Նյու Հեմփշիրի ընտրությունների գումարային արդյունքով Փիթ Բութիջիջի ընտրիչների թիվը անցնում է Բերնի Սանդերսի ընտրիչների քանակը՝ համապատասխանաբար ստանալով 23 և 21 ընտրիչ։

Դեռ 2016թ․ Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների ժամանակ Բերնի Սարնդերսը 22% ավելի շատ ձայն էր ստացել, քան իր գլխավոր հակառակորդ և դեմոկրատական կուսակցության 2016թ․ նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնը` հավաքելով համապատասխանաբար 60.4% և 38% ձայն։

Ջո Բայդենի ձախողումը այս երկու նախնական ընտրություններում ինքը՝ Բայդենը, հիմնավորում է, այն հանգամանքով, որ աֆրոամերիկացիների 99.9%-ը դեռ չի քվեարկել։ Այդ իսկ պատճառով Ջո Բայդենը առավել մեծ սպասելիքներ ունի Հարավային Կարոլինա և Նևադա նահանգներից, որտեղ ընտրողներն առավել բազմազան են:

Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների արդյունքներից հետո երկու թեկնածու հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։ Առաջինը Էնդրյու Յանգն էր, որին հետևեց Մայքլ Բենեթը։

 Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու և ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն, իր կուսակցության ներսում չունենալով լուրջ քաղաքական մրցակից, Նյու Հեմփշիրում նույնպես հավաքեց ընտրողների ձայների մեծամասնությունը, 85%-ից ավել ձայն և 20 ընտրիչ՝ շարունակելով լինել հանրապետականների գլխավոր թեկնածուն։

Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում ստացել է մոտ 129․7 հազար ընտրողների ձայները, որը գերազանցում է Բարաք Օբամայաի (49 հազար ձայն), Ջորջ Բուշ կրտսերի (54 հազար ձայն) և Բիլ Քլինթոնի (76․8 հազար), Ռոնալդ Ռեյգանի (65 հազար) վերընտրման համար ընտրություններում ստացած ձայները։

Նյու Հեմփշիր նահանգը Դոնալդ Թրամփի համար կարևոր նահանգ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ նա պարտվել էր Հիլարի Քլինթոնին՝ 0․3% պակաս ձայն հավաքելով։

Նախնական հաջորդ ընտրությունը կկայանա Նևադա նահանգում փետրվարի 22-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել