Չինաստանում նոր կորոնավիրուսով (COVID-19, Corona Virus Disease – 2019) վարակվածների թվի աճի տեմպերը վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել են 48,2 տոկոսով: Այդ մասին փետրվարի 12-ին Պեկինում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը:

«Ներկայիս համաճարակաբանական իրադրությունը դեռեւս շատ լուրջ է, սակայն ձեռնարկված միջոցների շնորհիվ ի հայտ են եկել առանձին դրական միտումներ: Հիվանդների թվաքանակի աճի տեմպերն ալիքաձեւ նվազում են: Վարակման հաստատված դեպքերի մեկօրյա առավել մեծ աճը գրանցվել է փետրվարի 4-ին եւ կազմել 3 հազար 887 մարդ: Փետրվարի 11-ին այդ ցուցանիշը նվազել է օրական մինչեւ 2015 նոր դեպք»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Հիվանդության ենթադրվող դեպքերի առավելագույն մեկօրյա աճը գրանցվել է փետրվարի 5-ին եւ կազմել 5 հազար 328, փետրվարի 11-ին այն նվազել է մինչեւ 3 հազար 342: Այդ երկու ցուցանիշների նվազումը կազմել է, համապատասխանաբար, 48,2 տոկոս եւ 37,3 տոկոս»,-ընդգծել է նա:

Չինաստանում հիվանդությունից բուժվածների բաժինը երկու շաբաթվա ընթացքում 1,3 տոկոսից աճել է մինչեւ 10,6 տոկոս, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել