Յոթ տարի առաջ Միացյալ Նահանգների բնակիչ Կարլ Հոլգեր Կառլսենը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել որդուն սպանելու համար՝ նրա կյանքի ապահովագրության դիմաց գումար ստանալու նպատակով: Այժմ նա մեղադրվում է նաև իր առաջին կնոջ սպանության մեջ՝ նույն պատճառով:

30-ամյա Քրիստինա Կառլսենը մահացել է 1991 թ.-ի հունվարի 1-ին: Տանը, որտեղ ապրում էր ընտանիքը, հրդեհ էր բռնկվել, կինը չէր կարողացել ժամանակին դուրս գալ լոգարանից և շնչահեղձ էր եղել: Երեք երեխաներին փրկել էր նրանց հայրը: Քրիստինայի մահից մի քանի օր անց նրա ամուսինը 215 հազար դոլար էր ստացել ապահովագրական ընկերությունից և երեխաների հետ Կալիֆոռնիայից տեղափոխվել Նյու Յորք՝ իր ծննդավայր, գրում է The New York Times-ը՝ Կառլսենի փաստաբան Ռիչարդ Էսկիվելին հղումով: Ապահովագրության գումարը տղամարդը ծախսել էր տեղափոխման, նոր տուն գնելու և մի քանի հաշիվներ մարելու համար:

Չնայած կասկածելի հանգամանքներին, Քրիստինան մահացել էր ընդամենը 19 օր անց այն բանից, ինչ ամուսինը ապահովագրել էր նրա կյանքը, 1991 թ.-ին Կառլսենին մեղադրանք չառաջադրվեց:

2008-ին Կառլսենի 23-ամյա որդին՝ Լեվի Կառլսենն, իր կյանքը ապահովագրել էր 700 հազար դոլարով: Շուտով նա փաստաթղթեր էր ստորագրել, համաձայն որոնց, նրա մահվան դեպքում, ամբողջ գումարը հասնելու էր հորը:

Ստորագրման ժամանակ ներկա էր նաև տղայի հայրը, իսկ մի քանի ժամ անց Կառլսենի երկրորդ կինը՝ Սինդին, Լեվիի դին հայտնաբերել էր ավտոտնակում. բեռնատարը, որը նա վերանորոգում էր, ընկել էր նրա վրա:

Լեվի Կառլսենի մահը ոստիկանությունը համարեց դժբախտ պատահար: Բայց երեք տարի անց Սինդի Կառլսենը պարզել էր, որ իր ամուսինը որդու ապահովագրության գումարը ներդրել էր իր կյանքն ապահովագրելու համար՝ արդեն 1.2 միլիոն դոլարով: Վերլուծելով այս փաստը՝ կինը դիմել էր ոստիկանություն: Այնտեղ նրան թաքնված խոսափող էին տվել, և շուտով Սինդիին հաջողվել էր ամուսնուց խոստովանություն կորզել. նա ասել էր, որ ինքն է կազմակերպել բեռնատարի վթարը:

2013-ին Կառլսենը խոստովանել է որդու սպանությունը և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Կալիֆոռնիայի ոստիկանությունը վերաբացել է Քրիստինա Կառլսենի մահվան գործով հետաքննությունը:

2020 թ.-ի փետրվարի 3-ին դատարանը 59-ամյա Կառլսենին մեղավոր է ճանաչել կնոջը սպանության մեջ:

Տղամարդուն ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել