Չինական 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 638-ի: Մահացել է նաեւ 34-ամյա բժիշկ Լի Վենլյանը, ով դեռեւս անցած տարվա դեկտեմբերին փորձել է իր գործընկերներին զգուշացնել նոր վտանգավոր վիրուսի մասին, սակայն ոստիկանությունը պահանջել է «լուրեր չտարածել»:

Ինչպես պատմում է The New York Times-ը, Չինաստանի իշխանությունները մի քանի շաբաթ թաքցրել են 2019-nCoV կորոնավիրուսի վտանգի եւ տարածման մասին տեղեկությունը, իսկ բժիշկներին, մասնավորապես՝ 34-ամյա ակնաբույժ Լի Վենլյանին, ստիպել են լռել:

Բժիշկ Լին դեռեւս դեկտեմբերի 30-ին իր գործընկերներին չաթում պատմել է տարօրինակ վարակով պացիենտների մասին եւ կիսվել մտահոգություններով, որ դա նույն վիրուսն է, որը 2000-ական թվականներին Չինաստանում եւ այլ երկրներում ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի հանգեցրեց:

«Սարսափելի է, SARS-ը կրկին հայտնվե՞լ է»,- հարց է ուղղել չաթի մասնակիցներից մեկը: Սակայն Լին գրել է, որ դեռ հստակ չէ՝ ինչ վիրուս է, եւ այդ պատճառով չի կարելի ասել, թե դա ատիպիկ թոքաբորբ է:

Այդ խոսակցությունից հետո բժիշկները գիշերը կանչել են առողջապահության ոլորտի պաշտոնյաների, ինչպես նաեւ ոստիկանների: Ոստիկանները բժշկին հորդորել են «կեղծ լուրեր» չտարածել, որոնք կարող են «էապես խախտել հասարակական կարգը»: Ավելի ուշ The New York Times-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որը բժիշկ Լին ստորագրել է ոստիկանությունում, եւ որում երեւում են կարմիր մատնահետքեր: Փաստաթղթում նա խոստացել է «հիվանդության մասին լուրեր չտարածել»:

Ուհանի ոստիկանությունը հունվարի սկզբին նման լուրերի համար ընդհանուր առմամբ «պատժել է» 8 բժշկի:

Հունվարի 10-ին բժիշկ Լին զննել է գլաուկոմա ունեցող պացիենտին, որի մոտ ավելի ուշ հայտնաբերվել է 2019-nCoV կորոնավիրուս: Բժիշկը վարակվել է նրանից եւ վարակել իր ծնողներին: Նա բուժվում էր նույն հիվանդանոցում, որտեղ աշխատել է:

Հունվարի 28-ին Չինաստանի Գերագույն դատարանը Ուհանի ոստիկանության գործողությունները սխալ է ճանաչել: Դատարանում նշել են, որ եթե այդ ժամանակ հավատային «լուրերին», եւ բոլորը սկսեին դիմակներ կրել եւ զգուշություն ցուցաբերել, ապա այսօր, հավանաբար, հեշտ կլիներ վերահսկել վարակը: 

Լիի մահվան մասին լուրերը հայտնվել էին դեռեւս երեկ, բայց ավելի ուշ պարզվել էր, որ բժիշկը ողջ է, չնայած կրիտիկական վիճակում էր: Սակայն այսօր հիվանդանոցը, որտեղ նա պառկած էր, հաստատել է, որ բժիշկը մահացել է:

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 73 նոր դեպք: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 31 481, որոնցից 4824-ը (15 տոկոսը) կրիտիկական վիճակում են: Մինչ օրս առողջացել է 1563 պացիենտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել