«Հասարակության մեջ կոնֆլիկտներն ընթանում են էլիտաների միջև՝ իշխանություն ունեցող փոքրամասնության և իշխանության ձգտող մյուս փոքրամասնությունների միջև»․ Նիկոլո Մաքիավելլի

«Հայկական ժամանակ» թերթի հայտնի սյունակագիրը հանդես է եկել հոդվածով, որտեղ պնդում է, որ «Հայաստանում, այնպես էլ մեր տիպի ցանկացած այլ երկրում հասարակությունը, որպես կանոն, բաժանվում է երկու մասի՝ մոտ 95 տոկոս «հասարակ ժողովուրդ» եւ 5 տոկոս «վերնախավ»»։

Սյունակագիրը հայկական քաղաքական «էլիտան», ըստ էության, հայտարարում է ժողովրդի թշնամի․ «Այն 5 տոկոսը, որը ցանկացած իշխանության օրոք կոմֆորտի մեջ էր, այսօր զրկվել է այդ կոմֆորտից եւ համախմբվել իշխանությունների դեմ», և որպես ելք, առաջարկում է կոնսենսուս ապահովել նաեւ հանրության 95 տոկոսի ներսում։

Այսինքն՝ «հակաժողովրդական» քաղաքական էլիտային դիմագրավելու համար, որի մեջ չի մտնում այսօրվա իշխող քաղաքական էլիտան (կներեք այս աբսուրդի համար, այն հայտնի սյունակագրի մտքերի ընթացքի հետևությունն է), պետք է խաղի մեջ ներքաշել ժողովրդին՝ 95%-ին։

Ստացվում է, որ սյունակագիրն իրեն ու իր կողմից կազմված թիմին ներկայացնում է որպես ժողովրդի շահերի պաշտպան՝ ի հակադրություն ինքն իր շահերը ներկայացնող 5%-ի։

Դասական դեմագոգիայի, հանրությանը մանիպուլացնելու և պոպուլիզմի վրա քաղաքականությունը շարունակելու հայտ։

Կարելի էր այս հոդվածի վրա ուշադրություն չդարձնել, եթե այն չլիներ իշխող ուժի (ըստ սյունակագրի՝ հակաէլիտայի) քաղաքականության հիմնաքարը, կամ ավելի ճիշտ՝ քարոզչության մեխը։

Ցանկացած հասարակություն ունի որոշակի էլիտա, որը որոշում, ազդում և իրացնում է երկրի քաղաքականությունը և նրանց տարբեր խմբերի միջև մշտապես ընթանում է քաղաքական պայքար, իսկ հանրությունը, եթե ժողովրդավարական երկիր է, ընտրությունների, ցույցերի, հանրահավաքների, հանրային անհնազանդության կամ հեղափոխությունների միջոցով էլիտաների միջև պայքարում այս կամ այն կողմին է աջակցում։

Եթե էլիտան կարող է մի քանի տոկոս կազմել, ապա քաղաքականապես ակտիվ զանգվածը կարող է 10-15% լինել: Սա է քաղաքական կյանքի բազիսը։ Էլիտան կարող է յուրաքանչյուրի համար լինել բաց, եթե ժողովրդավարական հասարակություն է, և լինել փակ, եթե ավտորիտար կամ տոտալիտար համակարգ է։

Սա է ամբողջը։ Երբ քաղաքական էլիտան, անկախ նրանից՝ լավն է, թե վատը, կայացած է, թե հեղհեղուկ (sorry, ունենք այն, ինչ ունենք), հակադրության մեջ է դրվում ժողովրդի հետ, ապա դա նշանակում է, որ փորձ է արվում կառուցելու ավտորիտար, պոպուլիզմի ու դեմագոգիայի վրա հիմնված հասարակարգ, ինչն այսօր կատարվում է Հայաստանում։

Բոլոր տոտալիտար հասարակությունների ռեժիմները հանդես են գալիս ժողովրդի անունից և, որպես արդյունք, դառնում են հակաժողովրդավարական։

Մխիթարող է, որ այս կառավարությունը չունի «իզմեր», այսինքն՝ ողջ պոպուլիզմը չի հենվում որևէ կուռ գաղափարախոսության վրա, այսինքն՝ անհեռանկարային է ու, որպես հետևություն, անհասկանալի ժողովրդի համար (պարզ պատճառով՝ հասկանալու բան չկա)։ Պարզունակ կարգախոսներով կարելի է իշխանություն նվաճել, սակայն կառավարել չի ստացվի, հատկապես եթե ողջ թիմը չի հանդիսանում քաղաքական էլիտա, այլ պարզ չէ, թե ինչ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել