Մեծ Բրիտանիան այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին (փետրվարի 1-ի 03:00 երևանյան ժամանակով) պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իրադարձությանը նախորդած խոսքում կրկին նշել է, որ այժմ եկել է համախմբվելու և նոր հնարավորություններից օգտվելու ժամանակը: Նա ասել է, որ իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն շարժվում է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:

ԵՄ-ի հայտարարությունում նշվում է, որ այժմ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը և դառնում է երրորդ կողմ: «Թեև մենք ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք այս որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»,- գրված է հայտարարությունում:

Առանցքային փոփոխություններ այժմ տեղի չեն ունենա, քանի որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործելու է անցումային շրջանը: Եվրամիության օրենքների մեծ մասը կշարունակի գործել Միացյալ Թագավարությունում, մինչև Բրիտանիան համաձայնեցնի Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել