Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չէր կարող հրապարակայնորեն հայտարարել, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը, չնայած որ դրա մասին գիտեր արդեն երկրորդ օրը:

Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցի ընթացքում:

«Ես գնացի նրանց մոտ (մահացածների հարազատների): Ես գնացի նրանց մոտ, ու չէի կարող հրապարակայնորեն ասել «մեզ խոցել են», բայց ես գնացի նրանց մոտ ու ասացի. «Բացի ցավակցությունից՝ ես ձեզ մոտ եմ եկել կարևոր տեղեկությամբ: Ուզում եմ, որ դուք հստակ իմանաք, որ սա ամբողջապես տեխնիկական սխալ չէ: Ձեր հարազատների սխալը չէ, մեր պրոֆեսիոնալ անձնակազմի սխալը չէ»,- պատմել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հայտարարել է նաև, որ արդեն երկրորդ օրը գիտեր, որ ինքնաթիռը խոցվել է Իրանի զինված ուժերի կողմից:

«Սակայն հրապարակային դաշտ դուրս չէի գալիս, քանի որ տվյալներ ու ապացույցներ էին պետք»,- ասել է Զելենսկին:

Նախագահը պատմել է նաև, թե ինչպես հաջողվեց հասնել Իրանի խոստովանությանը:

«Ես կարծում եմ, որ մենք մի քանի կարևոր քայլ արեցինք, որը մեզ հնարավորություն տվեց ճնշելու իրանական կողմին, և նրանք խոստովանեցին, որ դա տեխնիկական վրիպում կամ մեր անձնակազմի և «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սխալը չէր: Մենք նրանց խոստովանությանը հասանք ոչ միայն մեր պրոֆեսիոնալների ու հանձնաժողովի շնորհիվ, այլ նաև շնորհիվ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի, և, անկեղծ ասած, մենք շփումներ ենք ունեցել նաև իսրայելական կողմի հետ»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հավելել է, որ Թեհրանի խոստովանության մեջ կարևորագույն դերը խաղացել են հենց ուկրաինացի մասնագետները:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել