«Հայաստանցի»-«ղարաբաղցի» այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:

Նիկոլի իշխանության գալուց հետո ակտիվորեն սկսել են շրջանառվել Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական թեզերն արցախյան հարցի վերաբերյալ: «Հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթն առաջին անգամ ակտիվ շրջանառության մեջ դնողներից մեկը Նիկոլն էր, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Արցախի ղեկավարների տղաները բանակում չեն ծառայել, սահման չեն պահել: Հետագայում Նիկոլը ավելի խորացրեց լարվածությունը և շրջանառության մեջ դրեց նաև Արցախում «հակահեղափոխության օջախ» ստեղծելու մասին ձևակերպումները: Հայաստան-Արցախ միասնությունը խախտելու անհագ ցանկությունն ավելի ակնառու դարձավ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս։

Հիմա փորձեմ ներկայացնել 2008 թվականին նախընտրական և հետընտրական որոշ մանրամասներ, որոնց մասին բավականին ուշագրավ դիտարկումներ է ներկայացրել «Վիկիլիքսը» իր կողմից գաղտնազերծված փաստաթղթերում։ Այս ամենն այլընտրանքային է, երբ փորձում են իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի և որոշ դերակատարների տեսանկյունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են եղել։ Ի սկզբանե Տեր-Պետրոսյանը պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Ըստ Փենինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեին հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։

Ըստ հրապարակումների՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փենինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն, ինչը, ըստ էության, փաստացի տեղի ունեցավ։ Ասել է, թե՝ 2008-ին ընդդիմության մոտ կար միայն մի օրակարգ․ ընտրություններում հաղթելու են իրենք, եթե հաղթեց իշխանության թեկնածուն, ուրեմն ամեն ինչ կեղծ է կամ, այլ կերպ ասած, կա՛մ մենք, կա՛մ ոչ ոք, արմագեդոն։ Փաստացի ստացվում է այնպես, որ ակնհայտորեն Պետրոսյանի պլանն ի սկզբանե հենց փողոցային լայնամասշտաբ ցույցերն ու անկարգությունների կազմակերպումն են եղել, նախնական տարբերակով էլ պարզ է դառնում, որ նա պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Վիկիլիքսյան աղբյուրներն այս առումով փաստում են, որ դեսպանատունը տվյալներ է ունեցել, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել են պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը երկրում սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում, և սա վկայում է, որ այդ օրերին, պետության բնականոն կյանքին արհեստական միջամտությունից բացի, բացահայտ անվտանգության սպառնալիք է եղել։

Անդրադառնալով այս դրվագներին՝ առանձնացնենք մի կարևոր դետալ ևս․ վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի հետ կապվածության, ունեցած մասնակցության ու «հակապետական» գործունեության մասին գործը, որի արդյունքում երկրորդ նախագահն ապօրինի կերպով շարունակում է մնալ կալանքի տակ։ Քոչարյանի «մեղսագործության» մասին 12 տարի շարունակ թմբկահարել են Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և նրանց քարոզչամիջոցները, պետք է փաստել հետևյալը։ 2008թ. փետրվարի 28-ին, հանդիպելով ամերիկյան կողմի հետ, նախագահ Քոչարյանը նրանց տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ, եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը, նաև հավելել, որ եթե իշխանությունը ցանկանար ազատել Հանրապետության հրապարակը, դա կարող է անել 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչն ինքը չի ցանկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել