Դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանը մոտ յոթ տարի Հայաստանում չլինելուց հետո այս տարի Ամանորը դիմավորել է հարազատ քաղաքում: ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին ակտիվ ստեղծագործական աշխատանքներ է ծավալում դերասանական ոլորտում, իսկ վերջին շրջանում իրեն փորձում է նաև ռեժիսորի կարգավիճակում: Թռիչքից առաջ Էնջլը պատասխանել է BlogNews.am-ի հարցերին և պատմել առաջիկա գործունեության մասին:

«Եկել եմ ընտանիքիս հետ Նոր տարին անցկացնելու: Յոթ տարի է՝ երազում էի, որ Ամանորը անցկացնեմ իմ սիրած երկրում, իմ հարազատների հետ: Շատ էի կարոտել: Դեկտեմբերի 31-ին, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ես որոշել էի գնալ Հանրապետության հրապարակում անցկացնելու, բայց ցուրտ էր և որոշեցի մնալ օդանավակայանում: Ամբողջ ընտանիքս եկել էր, ամբողջությամբ դատարկ օդանավակայանում աշխատակիցների հետ դիմավորեցինք և նշեցինք Նոր տարին,- պատմում է Էնջլը և ավելացնում․ «Ես Հայաստան գալու հնարավորություն տարիներ շարունակ չեմ ունեցել: Հիմա ուզում եմ ամռանը կրկին գալ և անգամ մտածում եմ մշտական բնակության մասին։ Երկար ժամանակ դրսում ապրելուց հետո, մինչև չես գալիս հետ, չես հասկանում` ինչ է նշանակում քո երկրում ապրելը: Փորձում եմ այնպես պլանավորել կյանքս, որ և՛ այստեղ ապրեմ, և՛ ԱՄՆ-ում: Ինձ թվում է՝ սա ամենաիդեալական տարբերակն է այն հայերի համար, ովքեր դրսում են ապրում»:  

Այս օրերի ընթացքում Էնջլը հանդիպելի է հարազատների և ընկերների հետ, բայց փորձել է նաև որոշ ստեղծագործական աշխատանքներ էլ իրականացնել. «Ֆոտոսեսիա եմ արել, մեր` «Թշնամու անկողնում» հեռուստասերիալի մի քանի տեսարան ենք նկարահանել Երևանում, ինչպես նաև երգի նախնական տարբերակներ եմ ընտրել, որովհետև որոշել եմ կրկին երգել»:

Էնջլի երգարվեստին հետևողները գիտեն, որ նա ժամանակին բավականին համարձակ տեսահոլովակներ էր նկարահանում: Այն հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է որոշել նույն ոճով ներկայանալ, պատասխանում է. «Սկանդալային Էնջլն ինձ համար մի փուլ էր, որը, իհարկե, պետք էր: Բայց հիմա հասունացել եմ և փորձում եմ նոր բան անել, այն, ինչ ինձ հարազատ է և մոտիկ իմ բնությանը: Ես մեծացել եմ և հասունացել: Այնքան ժամանակ է՝ չեմ երգել, հիմա փորձում եմ հասկանալ` ինչ եմ ուզում անել, որպեսզի իմ սրտով լինի, ու նաև հանդիսատեսը հավանի»:

Անձնական կյանքի մասին չի խոսում, միայն խոստովանեց` սիրտը զբաղված է: Իսկ թե երբ հարաբերությունները կօրինականացնեն, որոշեց չբարձրաձայնել:

Ինչպես նշեցինք, Էնջլը հիմա իրեն փորձում է ռեժիսորի մասնագիտությունում, սա նրա համար նոր հմտություն է. ««Թշնամու անկողնում» հեռուստասերիալի ռեժիսորն եմ, ինչպես նաև խաղում եմ այնտեղ: Մի քանի տեսահոլովակ եմ նկարահանել, որոնցից մեկը Անահիտ Սիմոնյանի և Նորոյի զուգերգն է»:   

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել