2020թ․ դեմոկրատական առաջին բանավեճը տեղի ունեցավ Այովա նահանգում հունվարի 14-ին։ Այս բանավեճին մասնակցում էին Ջո Բայդենը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը և Թոմ Սթեյերը։ 2020թ․ առաջին բանավեճին մասնակցելու համար թեկնածուները պետք է նվիրատվություն ստանային 225 հազար անհատներից և հավաքեին 5% ձայն Դեմոկրատական ազգային հանձնաժողովի (ԴԱՀ) կողմից հաստատված չորս ազգային հարցումներում կամ 7% ձայն նոյեմբերի 16-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀ-ի կողմից հաստատված նախնական ընտրական նահանգների 2 հարցումներում։

Ի տարբերություն նախորդի՝ այս բանավեճին չէր մասնակցում Էնդրյու Յանգը,ով միակ ոչ սպիտակամորթ թեկնածուն էր, որ կարողացել էր նախորդ բանավեճին մասնակցելու համար առաջադրված պահանջների շեմը հաղթահարել։ Էնդրյու Յանգը նախորդ բանավեճի ընթացքում հույս էր հայտնել, որ մյուս ոչ սպիտակամորթ թեկնածուներին, մասնավորապես Քորի Բուքերին, կհաջողվի մասնակցել գալիք բանավեճերին և նա միակը չի լինի։ Սակայն, դա ոչ միայն չհաջողվեց մյուս թեկնածուներին, այլև հենց Էնդրյու Յանգը չհաղթահարեց բանավեճին մանասնակցելու համար առաջադրված պահանջների շեմը։ Դեռ ավելին, նախագահական պայքարից դուրս եկավ Քորի Բուքերը։ Իսկ ավելի վաղ մրցապայքարից դուրս էին եկել մյուս ոչ սպիտակամորթ թեկնածուները՝ Քամալա Հարիսը և Հուլիան Կաստրոն։

Բնականաբար, այս բանավեճի կարևորագույն քննարկումներից մեկը վերաբերում էր Իրանի խնդրին, իսկ մասնավորապես այն հարցին, թե թեկնածուներից ով է առավել շատ համապատասխանում գլխավոր հրամանատարի պաշտոնին։ Բերնի Սանդերսը նշեց Իրաքի պատերազմին իր դեմ լինելու փաստը՝ քննադատելով Բայդենին 2002թ․ռազմական գործողություններ սկսելուն կողմ քվեարկելու համար։ Ի պատասխան՝ Բայդենը նշռց, որ արդեն իսկ ընդունել էր իր այդ որոշման սխալական լինելը՝ ավելացնելով, որ հենց իրեն էր Բարաք Օբաման հանձնարարել դադարեցնել այդ պատերազմը, ինչը և նա արեց՝ դուրս հանելով 156 հազարանոց զորքը։

Անդրադարձ եղավ նաև Հյուսիսային Կորեայի թեմային այն հարցով, թե արդյոք թեկնածուները պատրաստ են առանց նախապայմանի հանդիպում ունենալ Հյս․ Կորեայի առաջնորդի հետ։ Թեկնածուներից Թոմ Սթեյերը և Ջո Բայդենը բացասական պատասխան տվեցին։ Իսկ վերջինս նշեց, որ հատկապես չի հանդիպի Գերագույն առաջնորդի հետ, ով ասել էր, որ «Ջո Բայդենը կատաղած շուն է, նրան պետք է փայտով սատկացնել»։

Առանցքային դրվագներից էր Բերնի Սանդերսի և Էլիզաբեթ Ուրենի միջև վեճը։ Դեռ մինչ բանավեճը ԶԼՄ-ները լայն լուսաբանման արժանացրին Էլիզաբեթ Ուրենի այն պնդումը, որ Բերնի Սանդերսը 2018թ․ իրեն ասել էր, որ կինը չի կարող նախագահ դառնալ։ Արդեն իսկ բանավեճի ընթացքում Բերնի Սանդերսը կտրականապես հերքեց այդ լուրը՝ օրինակ բերելով Հիլարի Քլինթոնի կողմից 2016թ․ ընտրություններում Թրամփից 3 միլիոն ավել ձայն ստանալու փաստը։

Բերնի Սանդերսի վրա այս հարձակումը թվում է թե պատահական չէր, քանի որ Այովայում անցկացված վերջին կարևորագույն հարցումներից մեկում Բերնի Սանդերսը առաջ էր անցել բոլոր թեկնածուներից, ինչին անգամ արձագանքել էր նախագահ Թրամփը։ Էլիզաբեթ Ուորենը Բերնի Սանդերսին թիրախավորելուց հետո բանավեճի վերջում անգամ հրաժարվեց սեղմել վերջինիս մեկնած ձեռքը։

Էլիզաբեթ Ուրենը իր կին լինելու փաստը այս բանավեճի ընթացքում դարձրել էր իր ձեռի խաղաքարտը։ Նա նշեց, որ այդ բանավեճին մասնակցող թեկնածուներից միայն երկուսն են, որ իրենց մասնակցած ոչ մի ընտրությունում պարտություն չեն կրել ու այդ թեկնածուները բեմի միակ երկու կին թեկնածուներն են՝ ինքը և Էմի Կլոբուշարը։ Իսկ անձամբ Ուորենը միակ թեկնածուն է, ով հաղթել է իշխող հանրապետականի վերջին 30 տարում։
Այովայում անցկացված այս բանավեճը վերջինն էր հենց այդ նահանգում փետրվարի 3-ին կայանալիք նախնական ընտրություններից առաջ։ Մինչև փետրվարի 25-ը նախատեսվում է անցկացնել ևս 3 բանավեճ նախնական ընտրությունների մյուս 3 նահանգներում (Նյու Հեմփշիր, Նևադա, Հարավային Կարոլինա)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել