ԱՄՆ-ում արդարացրել են տղամարդուն, որը 30 տարի անցկացրել է բանտում այլ անձի կատարած հանցագործության համար: Այս մասին տեղեկացնում է The Innocence Project ոչ առևտրային իրավաբանական կազմակերպության կայքը:

Հունվարի 13-ին դատարանը չեղարկել է 1991 թվականին կայացված դատավճիռը և ազատ է արձակել 62-ամյա բանտարկյալ Ջերի Թոմասին: 1987 թվականին Դետրոյթ քաղաքի բնակչուհին բողոք էր ներկայացրել ոստիկանություն` տեղեկացնելով, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել մթերային խանութի մոտ, մեքենայի մեջ: Երկու տարի անց կինը Թոմասին էր ճանաչել որպես հարձակումը կատարած անձ:

Չնայած ոստիկանությունը չի ունեցել առարկայական ապացույցներ և վկայություններ, Թոմասին դատապարտել են 50 տարվա ազատազրկման հարձակման, մահափորձի և բռնաբարության համար:

2010 թվականին այս գործով սկսել է զբաղվել The Innocence Project ոչ առևտրային իրավաբանական կազմակերպությունը, որը զբաղվում է ոչ օրինաչափ կերպով դատապարտված անձանց գործերով:

Նախաձեռնող խումբը պարզել է, որ զոհը եղել է փոքրիկ Ford Escort մեքենայի ղեկին: 1987 թվականին, երբ տեղի է ունեցել հանցագործությունը, Թոմասն ունեցել է 190 սմ հասակ և 115 կգ քաշ: Հետևաբար, նա չէր կարող հեշտությամբ մտնել ավտոմեքենա և կատարել հանցագործությունը:

«Մենք նման կառուցվածքի տեր մարդ գտանք և լուսանկարեցինք Ford Escort-ի սրահում: Այդ ամենն անհեթեթ տեսք ուներ»,- պատմել է The Innocence Project-ի ներկայացուցիչ Ջեյն Պուչերը:

Հանցագործության զոհն արդեն մահացել է, և գործը հնարավոր չէ վերանայել և գտնել իրական հանցագործին:

Պուչերը նշել է նաև, որ եթե ոստիկանությունը մանրամասն հետաքննություն իրականացներ, Թոմասը երբեք չէր հայտնվի բանտում:

Տղամարդը շնորհակալություն է հայտնել իրեն օգնողներին և նշել, որ ուրախ է վերջապես ընտանիք վերադառնալու կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել