Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամին չափազանց տխրեցրել է կրտսեր եղբոր՝ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական լիազորություններն ու պարտականությունները վայր դնելու վերաբերյալ անակնկալ որոշումը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին պատմել է արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերներից մեկը:

Թագաժառանգին տխրեցրել է այն փաստը, որ կրտսեր եղբոր հետ երբեմնի մտերիմ հարաբերություններն այսքան վատացել են: Նա նշել է, որ այլևս անկարող է առաջվա պես ձեռքը դնել եղբոր ուսին, ինչպես որ արել է ամբողջ կյանքում:

Հայտնի է, որ արքայազների միջև հարաբերությունները վատացել էին դեռևս «Մեգզիթ»-ից առաջ, սակայն վերջին օրերի իրադարձություններն ավելի են թեժացրել իրավիճակը:

«Ամբողջ կյանքի ընթացքում ձեռքս եղբորս ուսին եմ պահել, բայց այժմ այլևս չեմ կարող դա անել. մենք առանձին մարդիկ ենք»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ուիլյամը: Վերջինի կարծիքով՝ Հարրին, որոշելով վայր դնել լիազորություններն ու ֆինանսապես անկախ դառնալ, այլևս թագավորական թիմի մաս չի կազմում:

Հայտնի է, որ թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության է կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարրիին: Ակնկալվում է, որ Մեգան Մարքլը քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով: Այժմ նա իր և Հարրիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել