Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կարելի է որակել որպես նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորում։ Այո, մենք վերջին երեք-չորս օրվա ընթացքում ականատես եղանք, թե ինչպես գերպետությունները խաղարկեցին գրեթե շախմատային պարտիա, որի արդյունքում կտրուկ սկսեցին ձևավորվել նոր բաժանարար գծեր Արևելքի քաղաքական քարտեզին։

Որպեսզի չծանրաբեռնեմ ձեզ, անդրադառնամ ամերիկացիների քաղաքական դիրքերի մի քանի կետերին։ Տեսե՛ք, ԱՄՆ-ն ստացավ բավականին լուրջ հարված իր քաղաքական քաշին, և դա բնականոն նվազեցրեց իր իսկ ազդեցության հնարավորությունը, քանի որ լավագույն դեպքում դուրս եկավ Իրանի հետ հակամարտության ընթացքում քաղաքական ազդեցության նվազման լուրջ ազդակներով։ Ի՞նչ շահեց ԱՄՆ-ն այս իրավիճակից: Քաղաքական առումով գրեթե ոչինչ, հակառակը՝ կորցրեց բավականին լուրջ ազդեցության հնարավորություններ տարածաշրջանում։ Օրինակ, եթե հաշվի առնենք, որ Իրաքի իշխանություններն այս ճգնաժամից օգտվեցին և պահանջեցին տարհանել արտասահմանյան ռազմական բազաները (հիմնականում ի նկատի ունենալով ամերիկացիների զորքերը) և ամերիկացիների դաշնակիցների պահվածքը փաստացի թողեց ամերիկացիներին միայնակ (մի շարք եվրոպական պետություններ արդեն իսկ սկսել են իրենց զորամիավորումները հանել Իրաքից և դա այն պարագայում երբ ամերիկացիները կտրուկ հրաժարվեցին հանել զորքերը), ապա պարզ է դառնում, որ այս «ռաունդում» ամերիկացիների քաղաքական կորուստները և, որպես հետևանք, աշխարհաքաղաքական ազդեցության որոշակի նվազումն արդեն ակնհայտ է։ Դե, Իրանի մասին էլ չեմ խոսում, քանզի իրանցիները ստեղծված իրավիճակից քաղեցին և շարունակելու են քաղել մաքսիմալ օգուտ (նվազագույնը իրանցիները ստացան «բարոյական» քարտ բլանշ միջուկային գործարքից դուրս գալու համար և առավել միջազգային հանրության աչքերում լեգիտիմացրին իրենց միջուկային ծրագրի շարունակությունը)։

Սրանք շատ կարճ և հպանցիկ դիտարկումներ են, քանի որ պարզ է, որ լիարժեք իրավիճակը վերլուծելու համար պետք է ավելի շատ ժամանակ և տեղեկատվություն, սակայն ակնհայտ տեղաշարժերը տեսանելի են արդեն այսօր։
Միանգամից ընդգծեմ, որ միամտություն կլինի ասել, թե ամերիկացիները պարտվեցին։ Ո՛չ, ԱՄՆ-ն ունի թե՛ մեծ ներուժ, թե՛ հնարավորություններ կոշտ և արդյունավետ խաղալու տարածաշրջանում, և պետք չէ հույսեր կապել, թե տարածաշրջանային խաղը ավարտված է։ Ավարտվեց ընդամենը միայն մի դրվագ, և ի՞նչ կլինի հետագայում՝ ցույց կտա ժամանակը։

Հ․Գ․ Ամենամեծ օգուտը այս արևելյան «բոլոլայի» մեջ ունեցավ մեկ այլ գերտերություն, իսկ թե ով, ինչպես և ինչու` կքննարկեն հաջորդիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել