Կասկածից վեր է, որ Ղասեմ Սոլեյմանին Իրանի համար առանցքային կերպար էր, գերագույնի առաջնորդի ամենավստահելի մարդը, որոշ տվյալներով` հենց գերագույն առաջնորդի հետնորդ:

ԱՄՆ-ի համար Ղասեմ Սոլեյմանին վտանգավոր էր, քանի որ կարողացել էր ստեղծել տարածաշրջանային հզոր գործակալական ցանց և բազմիցս խանգարել էր ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրերի իրականացմանը:

Այդպիսի գործչի սպանությունը, սակայն, իմ կարծիքով, չի դառնա տարածաշրջանային, առավել ևս՝ համաշխարհային պատերազմի պատճառ կամ առիթ: Հեռվից միմյանց կհայհոյեն, կհնչեն սպառնալիքներ, գուցե Իրանը մեկ-երկու պատժիչ քայլ անի, ապա կնստեն սեղանի շուրջ, և լարվածությունը կանցնի մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում:

Այդպիսի ճգնաժամային փուլեր բազմիցս են եղել առնվազն վերջին 2-3 տարիներին. հիշո՞ւմ եք 2015-ին Սիրիայում ռուսական կործանիչի ոչնչացումը Թուրքիայի կողմից: Հայ քաղաքագիտական միտքը ձեռքերն էր շփում թուրք-ռուսական պատերազմի շնորհիվ Արարատը վերադարձնելու հեռանկարից:

Իրանն ու ԱՄՆ-ն էլ հռետորաբանությունից կանցնեն ռեալ պոլիտիկի` Ղասեմ Սոլեյմանիի մասին հիշելով միայն արարողակարգերի ժամանակ, այն էլ՝ կարճ ժամանակ անց դա էլ կմոռանան:

Հայաստանն այս գործընթացում ոտքի տակ ընկնելու խնդիր չունի, մանավանդ որ երկու երկրներն էլ մեզ համար գործընկերներ են: Կարիք չկա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել